14/04/2011 16:12
Շախմատը կդասավանդվի տարրական դասարաններում
Կառավարությունն այսօր նիստում, վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 177084.1 հազար դրամ` պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաև դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրման, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման համար։ Նախարարությանը տրամադրվել է ևս 386100.0 դրամ` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան և աթոռ ձեռք բերելու նպատակով։ Շախմատի դասավանդումը կնպաստի կրտսեր դպրոցականների մտավոր կարողության զարգացմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից երիտասարդների մարզային կենտրոնների ստեղծման, կրթական ու այլ ծրագրերի կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված Տավուշի մարզի Իջևան և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում գտնվող շենքը և տարածքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։ Հիմնադրամին է նվիրաբերվել նաև նշված ՊՈԱԿ-ի մարզային կենտրոնների գույքը։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը համապատասխան հողատարածք է տրամադրել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնադրման համար։
Կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կարգավորելով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրով հատկացված բնակարանում համատեղ բնակվելու անհնարինության դեպքում մեկից ավելի տնակ զբաղեցնող բազմանդամ ընտանիքների զբաղեցրած տնակների քանդման հետ կապված հարցերը։
Կառավարության որոշմամբ «Երևան N3 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» ՊՈԱԿ-ի։ Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կվերանայվեն տրվող մասնագիտությունները` մեկ հաստատության ներսում ապահովելով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը։