18/04/2011 13:38
Հրապարակվել են Ցեղասպանությունը վերապրածների հիշողությունները
Այսօր բանահավաք, բանագետ Վերժինե Սվազլյանը ներկայարեց 1915թ.-ի Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունը վերապրած հայերի վկայությունների վերաբերյալ ծավալուն աշխատությունը` «Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություն» վերտառությամբ:
Բանահավաքը շեշտեց, որ Հայոց Ցեղասպանության մասին գրել են տարբեր լեզուներով, կան բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ, փաստաթղթերի ժողովածուներ, սակայն լույս տեսած գրականության մեջ կարծես թե բացակայել է Ցեղասպանության ենթարկված ժողովրդի ձայնը` ժողովուրդ, որն ականտես է եղել և իր մաշկի վրա է զգացել 1915թ.-ի իրադարձությունները:
«1955թ.-ից սկսել եմ հավաքել ականատեսների վկայությունները, գրի առել: Հավաքել եմ 700 միավոր նյութ»,- տեղեկացրեց Վ. Սվազլյանը:
Հեղինակը նշեց, որ ականատես-վերապրողներից տեղեկություններ է հավաքել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, այցելել է ծերանոցներ և այլն:
«Ժողովուրդը ամենամեծ վկան է այդ քաղաքական զանգվածային ոճրագործության, և ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս առաջին հերթին դիմում են վկաների ցուցմունքներին, այնպես էլ տվյալ դեպքում պետք է անպայման հենվել ականատես-վերապրողների վկայությունների, նրանց տված ցուցմունքնրի վրա»,- համոզմունք հայտնեց Վերժինե Սվազլյանը և հավելեց, որ իրավաբանական տեսակետից ականատես-վերապրողների վկայությունները ապացուցողական ցուցմունքի արժեք ունեն և իրենց մեծագույն նպաստը կարող են բերել Հայ դատի արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործին:
«Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություն» գիրքը թարգմանված է անգլերեն և թուրքերեն, որն իրականացվել է հեղինակի անձնական միջոցներով: