30/04/2011 12:46
Սիմոն Աչիկգյոզյան. «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել»
Այսօր «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, մարտական խաչ առաջին աստիճանի շքանաշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանի հիշատակի օրն է: 20 տարի առաջ ապրիլի 30-ին նա զոհվեց Մարտունաշենում: Այսօր լրագրողների հետ իր հիշողություններով կիսվեց «Արաբո» վերետարնների սոցիալ-իրավական հասարակական կազմակերևպության խորհրդի նախագահ, «Արաբո» ջոկատի ենթահրամանատար Կարեն Ղազարյանը:
Կ. Ղազարյանը հիշեցրեց, որ 1991թ.-ի այս օրերին Խորհրդային բանակը Ադրբեջանական օմոնի հետ միասին հարձակվել էր Մարտունաշենի և Գետաշենի վրա` նպատակադրված ոչնչացնել ոչ միայն գյուղերը` այլև ժողովրդին:
«Քիչ քաջեր կան, որ իրենց կյանքը զոհելու ժամանակ երգել են հայրենասիրական երգեր, դրանցից էր Սիմոն Աչիկգյոզյանը»,- շեշտեց Կարեն Ղազարյանը և հավելեց, որ հակառակորդի դեմ անհավասար կռվի ժամանակ զոհվեց Սիմոն Աչիկգյոզյանը, իսկ մինչ այդ նա գյուղի բնակչությանը հեռացրել էր դեպի մոտակա անտառները:
«Արաբո» ջոկատի ենթահրամանատարը նշեց, որ Ս. Աչիկգյոզյանին հարգանքով «դեդ» էին ասում և նա միշտ ջոկատի երիտասարդներին հետ էր պահում առաջին գծից, ասելով` «ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել, թող ինչ լինում է ինձ լինի` ձեզ չլինի»:
Սիմոն Աչիկգյոզյանի աճյունը հուղարկավորված է Զեյթունի գերեզմանատանը, որտեղ այսօր հիշատակի արարողություն տեղի կունենա: