12/05/2011 15:31
Լեհաստանի դեսպանը` Հայաստանի մենաշնորհային տնտեսության մասին
Այս տարվա մայիսին լրացավ Լեհաստանի` Եվրամիության անդամակցության 7 տարին: Այդ շրջանում Լեհաստանի տնտեսությունն աճել է 30 տոկոսով, արտահանումը կրկնակի ավելացել է, լեհերի 70 տոկոսն էլ «շատ դրական» է համարում Եվրամիությանն անդամակցությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ փոխանցեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` նշելով, որ Եվրամիությանն անդամակցությունն ու ինտեգրումը հեշտորեն է իրականացվում Լեհաստանում:
Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, դեսպանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրատնտեսական շուկայի ստեղծման ուղղությամբ:
«Գործընթացը դանդաղում է` պայմանավորված Հայաստանում մենաշնորհային առևտրական քաղաքականությամբ, և կառավարությունը ստիպված է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում համընդհանուր եվրոպական չափանիշներին»,- ասաց Զ. Ռաչինսկին:
Դեսպանը կարևորեց նաև մուտքի արտոնագրի հարցի լուծումը: Նրա խոսքով, անգամ եթե ամբողջովին մուտքի արտոնագիր չի հատկացվում, գոնե պետք է նվազեցնել վիզայի համար վճարվող գումարը:
Զդիսլավ Ռաչինսկին կարծում է, որ 60 եվրո արժեցող Շենգենյան վիզայի գինը պետք է նվազեցնել առնվազն մինչև 35 եվրո:
«Հայաստանում վախ կա, որ մուտքի արտոնագրի առկայությունից կամ վիզային ռեժիմի հանելուց հետո հայերը կարող է գնան ու մնան այլ երկրներում, սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ ոչ ոք չի կարող պարզապես վեր կենալ, գնալ ու մնալ մի երկրում, որտեղ ապրելու տեղ, աշխատանք չունի, լեզու չգիտի, ծանոթներ չունի»,- ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:
Վիզային ռեժիմի գործընթացի հեշտացումը, Զ. Ռաչինսկու համոզմամբ, կավելացնի նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաև Հայաստանից ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կմեկնեն եվրոպական երկրներ:
«Այս պահին տվյալներ չկան, թե քանի՞ լեհ կա Հայաստանում, նման հաշվարկներ չեն արվում: Կարծում եմ, ՀՀ քաղաքացիություն ստացած մի քանի հարյուր լեհ կա, իսկ զբոսաշրջության բնագավառում տվյալներ չկան, համենայն դեպս Երևան-Վարշավա ինքնաթիռներն աշխատում են 60 տոկոս ծանրաբեռնվածությամբ»,- ասաց Զ. Ռաչինսկին:
Դեսպանը նաև բացահայտեց լեհական կոռուպցիայի հաղթահարման գաղտնիքներից` նշելով, որ յուրաքանչյուր պաշտոնյա` ամենաբարձրից մինչև ամենացածրը, ներկայացնում է հաշվետվություններ, և եթե որևէ մեկի ընտանիքի ծախսած գումարն ավելի է, քան անդամների աշխատավարձի թիվը, պաշտոնյան «նույն րոպեին կարող է թոշակի անցնել»: «Բացի այդ, լրագրողներն իմ երկրում առաջին իշխանությունն են, նրանք ազատ են ու աշխատում են այնպես, որ իշխանության ներկայացուցիչները վախենում են նրանցից, և սա մեծապես նպաստում է կոռուպցիայի նվազմանը»,- հավելեց Զդիսլավ Ռաչինսկին: