23/05/2011 13:53
Հնարավոր է արդյո՞ք Թուրքիայում ժողովրդավարություն
«Ստամբուլի Ֆաթիհ համալսարանի կողմից անցկացված տարածաշրջանային լայնամաշտաբ հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարևան երկրների քաղաքացիները Թուրքիայի ժողովրդավարության տանող քայլերը համարում են իրենց երկրների համար լավ հնարավորություն և դրական հատկանիշ»: Այս մասին տեղեկացնում է «Today’s Zaman» պարբերականը:
Կիրակի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հարցման նախաձեռնողները հայտնել են, որ այսպես կոչված «էլիտար հարցման» տվյալները ձեռք են բերվել մասնավորապես ձեռնարկատերերից, լրագրողներից, գիտնականներից և շրջանավարտներից, ովքեր ներկայացնում են այդ երկրների հիմնական էթնիկ, կրոնական և քաղաքական գաղափարախոսությունները:
Թուրքիայի հնարավոր ժողովրդավարության ուղղությամբ տարվող քայլերի առնչությամբ` Իրաքում սոցհարցման պատասխանողների 77%-ը, ովքեր հետպատերազմյան ժողովրդավարության դժվարին գործընթացի մեջ են, և Սիրիայի` 66%-ը, ովքեր ներկայումս ժամանակակից պատմության մեծագույն դժվարություններից մեկն են ապրում, Թուրքիայի ժողովրդավարացումը համարում են լավ հնարավորություն:
Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ երկրներին, ապա Վրաստանը (70%) և Հայաստանը (73%) ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք են ցուցաբերել Թուրքիայի հնարավոր ժողովրդավարացմանը, իսկ Հունաստանը այդ առնչությամբ իր տոկոսային համեմատությամբ մի փոքր կաղում է` 36%:
Ինչ վերաբերում է Թուրքիայի տնտեսական զարգացումներին, ապա Վրաստանը և Սիրիան (66%) Թուրքիայի աճող տնտեսական ուժը որպես հնարավորություն են համարում: Հայաստանը` 46%, Իրանը` 52% Իրաքը` 49% նույնպես Թուրքիայի` գնալով ընդլայնվող առևտուրն ու տնտեսական ազդեցությունը իրենց երկրների տնտեսական զարգացման համար լավ հնարավորություն են համարում:
Հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ են նկատվում, միայն Սիրիան, Իրանն ու Իրաքն են նկատել այս փոփոխությունը:
Վրաստանի, Հայաստանի և Բուլղարիայի բնակչության 90%-ը գտնում են, որ Թուրքիայի արտաքին քաղաքականություն վարելու մեջ նկատվում են որոշակի փոփոխություններ, իսկ հույների միայն 74%-ն է համաձայնել այդ տեսակետին:
Նշվում է, որ հարցման մասնակիցների միայն 36% է գտնում, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխություններին նպաստել են «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և Թուրքիայի` ԵՄ-ի անդամակցության շուրջ տարվող բանակցությունները, իսկ հայերի 51%-ը գտնում է, որ այդ փոփոխություններին նպաստել է մասնավորապես ԵՄ անդամակցության ուղղությամբ տարվող քայլերը:
Հարցմանը մասնակցած երկրները տարակարծիք են նաև այն հարցի շուրջ, թե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը միտված է արևելք, թե արևմուտք: Մոտավորապես 13%-ը գտնում է, որ Թուրքիան հեռացել է Արևմուտքից և սկսել ավելի շատ հենվել Արևելքի վրա: Այդ տեսակետին համակարծիք են հայերի 39%-ը:
Երկրների 53%-ը համամիտ է այն կարծիքին, որ Թուրքիան մոտեցել է Մուսուլմանական աշխարհին: Հայաստանի` 81%, Վրաստանի` 75%, և Հունաստանի բնակչության` 61%-ը գտնում են, որ այս քաղաքականությունը կայուն չի լինի մոտ ապագայում:
Մեկ այլ հարցադրմանը, թե արդյո՞ք Թուրքիան հետևում է նեոօսմանյան արտաքին քաղաքականությանը, երկրները տարակարծիք են եղել. հարցման մասնակից երկրների 41%-ը լիովին համամիտ են այդ տեսակետին, և միայն 40%-ն է կարծում, որ դա այդպես չէ:
Անկախ քրդական պետության վերաբերյալ հույների 58%-ը և հայերի 55%-ը, քրդական պետության անկախության դեմ տարվող Թուրքիայի ջանքերը համարում են «սխալ»` ընդգծելով, որ անկախ քրդական պետության ձևավորումն առանցքային է տարածաշրջանի խաղաղության համար: Այդ տեսակետին համակարծիք են նաև Իրաքի բնակչության` 34%, Սիրիայի`24% և Իրանի` 10%-ը:
Հարցմանը մասնակցած քրդերի 97%-ը կողմ են անկախ քրդական պետության ձևավորմանը, մինչդեռ թուրքերի` 92%-ը դեմ են արտահայտվել: