06/06/2011 10:17
Ա. Խաչատրյան միջազգային մրցույթը մեկնարկում է այսօր
Այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը: Aysor-ի հետ զրույցում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից տեղեկացրեցին, որ մրցույթի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունենալու ժ.19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Բացման արարողությանը կներկայանա արդեն մի քանի տարի մրցույթի պաշտոնական նվագախումբ ճանաչված Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Այսօր հանդես կգա մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների` Լիդսի, Դուբլինի, Վան Քլիբերնի, Ուիլյամ Քեփելի, Գինա Բախաուերի անվան մրցույթների և համաշխարհային դաշնամուրային մրցույթի մրցանակակիր Արմեն Բաբախանյանը:
Համերգի ավարտին կհնչի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի 3-րդ մասը: Նախքան մրցույթի մեկնարկը` հունիսի 6-ին ժ. 11-ին, կկազմակերպվի այց Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեծն կոմպոզիտորի հիշատակին:
Հունիսի 6-ին` ժամը 18:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հանդիպում, որին ներկա են լինելու աշխարհահռչակ դիրիժոր Քրիստիան Յարվին, ով «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Լոնդոնի Սիմֆոնիկ նվագախմբի և Միխայիլ Սիմոնյանի հետ համատեղ հանրահայտ «Դոյչե Գրամաֆոն» ձայնագրման ընկերությունում ձայնագրել են Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, և Սերգեյ Սմբատյանը:
Մրցույթի երեք փուլերը տեղի կունենան հետևալ հաջորդականությամբ` Ա. Խաչատրյան համերգասրահում` հունիսի 7-8-ը` ժ.10:00-ին, հունիսի 10-ին` ժ.10:00-ին, հունիսի 12-ին` ժ.11:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու 36 դաշնակահար և 11 կոմպոզիտոր ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանում է հետևյալ մրցանակները դաշնամուր մասնագիտության համար` 1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, համերգ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վալերի Գերգիև) կամ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Պավել Կոգան) հետ 2011-2012 համերգաշրջանի ընթացքում, 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ:
Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները, ովքեր չեն դարձել մրցանակակիր, յուրաքանչյուրը պարգևատրվելու է դիպլոմով և 2000-ական ԱՄՆ դոլար գումարով:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանում է նաև 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի մրցանակ կոմպոզիցիա մասնագիտության հաղթողի համար:
Մրցույթի փակման արարողությունը, դաշնակահարների, կոմպոզիտորների պարգևատրման արարողությունը և գալա-համերգը տեղի կունենա հունիսի 13-ին` ժ.19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Նշենք, որ արդեն երկրորդ տարին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կողքին է նաև ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: