15/07/2011 13:46
«ԱՐՄՄՈՆՈ»-ն հանդես կգա Արցախում
Մոնո ներկայացումների «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը հուլիսի 18-22-ն առաջին անգամ կմեկնի Արցախ։
Հայաստանի մշակույթի և սփյուռքի նախարարությունների, թատերական գործիչների միության ու ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Արցախի մի շարք քաղաքներում կցուցադրվեն ներկայացումներ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 20 ամյակին։
5 օրերի ընթացքում փառատոնը հանդես կգա 18 ներկայացումներով, որոնցից ստացված եկամուտը կտրամադրվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերանորոգման աշխատանքներին։
Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հիշեցրեց, որ 3 տարի առաջ, ՀԹԳՄ միջոցներով վերանորոգվել է Կապանի թատրոնը, որտեղ և անցկացվել են «ԱՐՄՄՈՆՈ»-ի շատ ներկայացումներ։
«Թատերական միությունն ուզում է, որ հիմա էլ ուշադրություն դարձվի, թե ինչ վատ վիճակում է Արցախի Փափազյանի անվան թատրոնը։ Հասույթը մեծ չի լինի, բայց հանրությունն ուշադրություն կդարձնի»,-հույս հայտնեց տնօրենը։
Կազմակերպիչները տեղեկացրեցին, որ լուրջ և հետաքրքիր ներկայացումներ են լինելու ինչպես հայ դասականների, ժամանակակիցների, այնպես էլ ավանդական Շեքսպիրի գործերից։
Ներկա դերասանները փաստեցին, որ Արցախի թատրոնները և բեմերը անմխիթար վիճակում են, հետևաբար մոնոներկայացումն այն լավագույն տարբերակն է, որը մեծ տեխնիկա և տարածք չի պահանջում։
Դերասան Ռոբերտ Բաղինյանը պատմեց, որ որպես դերասան կայացել և լավագույն դերասանների հետ ծանոթացել է հենց Արցախում։
«Ես ավելի քան պարտավոր եմ լինել այնտեղ։ Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ից եմ խաղալու»։
Դերասանուհի Զարուհի Խաչատրյանը նշեց, որ ինքը մարմնավորելու է Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ» տրագիկոմեդիայի դերասանուհուն՝ մի կնոջ, ով ապրելով ծանր տարիներին կարողացել է պահպանել հակամարտության ոգին, պայքարել և վերադառնալ Հայաստան։
ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը հայտնեց, որ այսօր Վանաձորի թատրոնն է պարբերաբար գործում՝ լավ գեղարվեստական ղեկավարի շնորհիվ։
«Ուրիշ որևէ մարզում նորմալ գործող թատրոն չկա։ Եվ այս փառատոնի նպատակը հենց դա է՝ խթան հանդիսանալ և ուշադրության արժանացնել թատրոնները։ Մարզերում թատրոն գնալն իսկական տոն է։ Երեխաներին հագցնում են տոնական ժապավեններով։ Իրենք սպասում են, կարոտ են ներկայացումների։ Երևանում նման ոգևորությամբ թատրոն չեն գնում»,-
նշեց Սոնա Մելոյանը։
Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հավելեց, որ տոմսերի գինը որոշելու է Արցախի թատրոնը, բայց վստահ է, որ լինելու է ոչ բարձր, սիմվոլիկ գումար։