07/10/2011 12:00
Երևանում բացվեց Օգյուստ Ռոդենի քանդակը
Ֆրանսիայի հրապարակում տոնական տրամադրություն էր: Հարյուրավոր մարդիկ, երեխաներ ու դպրոցականներ այստեղ էին եկել փուչիկներով, Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշներով:
Հանդիսավոր պայմաններում Ֆրանսիայի հրապարակում բացվեց Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին:
Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Ֆրանսիայից, նաև աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շարլ Ազնավուրը:
Ն.Սարկոզին իր ելույթի վերջում հայերենով արտասանեց «Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան» ինչը ներկաների կողմից բուռն ծափահարությունների արժանացավ:
Սարկոզիի հաջորդ անակնկալը հայերենով «ցեղասպանության» արտաբերումն էր, նա հերթական անգամ ընդգծեց, որ 1915 թվականի իրադարձությունները պետք է անվանել հենց «Ցեղասպանություն»:
Հանդիսավոր արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները մոտեցան քաղաքացիներին, սեղմեցին բազմաթիվ մարդկանց ձեռքեր: