14/10/2011 16:23
Արևորդի փառատոնը մեկնարկում է. Դիմակահանադես, համերգներ
Այսօր մեկնարկում է Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, իսկ այս տարի արդեն երրորդն է: Փառատոնն այս անգամ ընթանալու է «Քո հետքը բնության մեջ» խորագրի ներքո և նվիրված է վայրի բնության և մշակութային արժեքների պահպանությանը: Փառատոնի գլխավոր աջակիցն է ՎիվաՍել ՄՏՍ-ը:
Նշենք, որ այս տարի փառատոնի շրջանակներում ցուցադրվելու են ֆիլմեր շուրջ 30 երկրներից: Արևորդին կմեկնարկի արդեն ավանդույթ դարձած դիմակահանդես-շքերթով. Դիմակները մասնակից երեխաներն են պատրաստել ամեն տեսակ իրերից: Շուրջ 500 մասնակից-երեխաներ դիմակներով, կենդանիներ պատկերող գունագեղ զգեստներով կշարժվեն Ազատության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա, այնտեղից էլ Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց և վերջին հանգրվանը` Ազնավուրի հարապարակ:
Երթը գլխավորելու են Գերմանիայի Բրեմեն քաղաքցի ժամանած «Կոնֆուսաո» խմբի երաժիշտները: Իսկ Ազնավուրի հրապարակում նախատեսված է բացօթյա համերգ: Ժամը 19:00-ի նախատեսված է «Արևորդի» փառատոնի պաշտոնական բացումը «Մոսկվա» կինոթատրոնում: Ցուցադրվելու է Պատրիկ Ռուսելի «Գրին» ֆիլմը: Ավելի ուշ` ժամը 21-ին Ազնավուրի հրապարակում բացօթյա համերգային ծրագրով հանդես կգա «Բամբիռ» ռոք խումբը: