18/10/2011 10:11
Ամենատարեց կնոջ օրգանիզմում հայտնաբերվել են երկարակեցության գեներ
Ամստերդամում աշխարհի ամենատարեց` 115 տարեկան հասակում մահացած կնոջ ԴՆԹ-ի հետազոտությունը թույլ է տվել բժիշկներին հայտաբերել այնպիսի գեներ, որոնք պաշտպանել են նրա օրգանիզմը:
Ինչպես պատմել է Ամստերդամի համալսարանի բժիշկ Հեննե Հոլստեջը` կնոջ ԴՆԹ-ում հայտնաբերվել են հազվագյուտ գենետիկ փոփոխություններ: Ըստ նրա` հավանական է, որ ամենատարեց կնոջ օրգանիզմում եղել են գեներ, որոնք խոչընդոտել են մտքի ախտահարումն ու ծերունական այլ հիվանդությունները:
«Մեզ հայտնի է, որ նրա ուղեղում չեն եղել Ալցգեյմերի հիվանդության ախտանշաններ և մտագարություն: Մենք կարծում ենք, որ գոյություն ունեն կյանքը երկարացնող գեներ»,-ասել է Հոլստեջը:
113 տարեկանում ստուգել են երկարակյաց կնոջ մտավոր կարողությունները և պարզվել է, որ դրանք համապատասխանում են 45-60 տարեկան մարդու կարողություններին: Նրա մահվան պատճառ է հանդիսացել ստամոքսի քաղցկեղը:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ գիտնականները հայտարարել էին երկարակեցության գեների հայտնաբերման մասին: Հիմա արդեն նրանք կարծում են, որ փոփոխությունների ենթարկելով ԴՆԹ-ն, հնարավոր է վերահսկել մարդկային օրգանիզմի ծերացումը: