01/11/2011 11:07
Արտահայտվելու ազատությունը` մարդու հիմնարար իրավունք
Մեկնարկեց «Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում» երկօրյա սեմինարը, որը նախատեսված է փաստաբանների և դատավորների համար։ Նպատակն է՝ խթանել, որպեսզի առավել բարձր պաշտպանվածություն ունենա արտահայտվելու ազատությունը։
Սեմինարը կազմակերպել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի, ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերի ներկայացուցչի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության, CEELI Inc. – ի հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ։
Սեմինարներն անց են կացվում «Doughty Streer Chambers» ընկերության անդամ, թագավորական խորհրդական Գևին Միլերի և խոսքի ազատության որոտում հայտնի միջազգային կազմակերպության իրավաբան Բոյկո Բոնի կողմից՝ ԻԵՄ-ի իրավաբանների թիմի հետ համատեղ։ Նախատեսված քննարկումները վերաբերում են զրպարտությանն ու վիրավորանքին, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքին, դատավարությունների լուսաբանմանը և արտահայտվելու ազատությանը՝ ընտրությունների համատեքստում։
Սեմինարը բացեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մարդու իրավունքների ծրագրերի պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը։ Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը, «Իրավունք Եվրոպա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։
Իր ելույթում Գևին Միլլերը նշեց, որ արտահայտվելու ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է։ «Լրատվամիջոցների պարտականությունն է տեղեկություններ հաղորդել հանրային շահին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ։ Հանրությունն ունի այդ տեղեկությունները ստանալու իրավունք», - ասաց նա։
Բոյկո Բոնը նշեց, որ դատավորներն ու իրավաբաններն առանցքային դերակատարում ունեն այն հասարակությունում, որը ղեկավարվում է օրենքներով, այլ ոչ թե՝ քաղաքական նկատառումներով։