04/11/2011 13:38
Նոյեմբերի 15–ին տեղի կունենա քաղաքապետի արտահերթ ընտրությունը
Այսօր գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևանի քաղաքապետի ընտրության օրը:
Մինչ օրակարգի հարցին անցնելը` նիստը նախագահող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2–ին, սեփական դիմումի համաձայն հրաժարվել է նաև Երևան քաղաքի ավագանու անդամությունից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երևան քաղաքի ավագանին որոշել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2011 թվականի նոյեմբերի 15–ին ժամը 11.00-ին:
Նշենք, որ ավագանու նիստն անցկացնելու մասին որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:
Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: «Երևանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում Երևանը պետք է ունենա նոր քաղաքապետ, իսկ նոր քաղաքապետի ընտրությունը կատարելու է ավագանին: