23/11/2011 17:33
Կյանքից հեռացավ պրոֆեսոր Հրանտ Հակոբյանը
2011թ. նոյեմբերի 23-ին, 84 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ԳՊՀ խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանը:
Հրանտ Հակոբյանը ծնվել է 1927 թ. դեկտեմբերի 17-ին Նոր Բայազետի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզ) Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում: 1944 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սարուխանի միջնակարգ դպրոցը: 1944-1946 թթ. աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: 1946-1948 թթ. սովորել և ավարտել է Կամոյի մանկավարժական տեխնիկումը:Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:
1950թ-ին` երկու տարվա ընթացքում, գերազանցությամբ ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը: 1950-1954 թթ. Բասարգեչարի շրջանի (այժմ` Վարդենիսի) տորֆարտադրության դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, ապա աշխատել է Կամոյի շրջանի Կարմիրգյուղի, Բատիկյանի (այժմ` Գանձակ գյուղի) դպրոցներում, այնուհետև նշանակվել Գեղարքունիք գյուղի դպրոցի ուսմասվար: Աշխատանքին զուգահեռ Հր. Հակոբյանը 1954 թ-ին ընդունվել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ և 1956 թ-ին գերազանցությամբ էքստեռն կարգով ավարտել այն: Միաժամանակ ընդունվել է Մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրա` փիլիսոփայություն մասնագիտության գծով: 1956թ-ին Հր. Հակոբյանը նշանակվել է Սարուխան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն և այդ պաշտոնում աշխատել մինչև 1962թ.: Հր. Հակոբյանի կազմակերպական փայլուն տաղանդի, մանկավարժական հմուտ կարողությունների շնորհիվ այդ տարիներին դպրոցում բացվում են ուսումնական նոր կաբինետներ, լուրջ ուշադրություն է դարձվում ուսումնադաստիարակչական աշխատանքներին, ստեղծվում է համերաշխ և իր գործին նվիրված ուսուցչական կոլեկտիվ: Սարուխանի դպրոցը դառնում է շրջանի առաջավոր դպրոցներից մեկը և նրա փորձը բազմիցս քննարկվում է ՀԽՍՀ լուսավորության նախարարության կոլեգիայի նիստում:
Որպես երիտասարդ և խոստումնալից մասնագետի` Հր. Հակոբյանին տեղափոխում են կուսակցական աշխատանքի և նա 1962թ-ին նշանակվում է Կամոյի կուսշրջկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ: Այնուհետև աշխատում է որպես Կամոյի գիշերօթիկ դպրոցի տնօրեն: 1964 թ-ին աշխատանքի է հրավիրվում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ և աշխատում է մինչև 1985 թ-ը` որպես Պոլիտեխնիկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, ապա ամբիոնի վարիչի տեղակալ: Հր. Հակոբյանը 1973թ-ին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն և 1978 թ.-ին ստանում դոցենտի կոչում: 1990 թ. Հր. Հակոբյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ատենախոսությունը նվիրված էր հայ մեծանուն վիպասան Րաֆֆու պատմափիլիսոփայական հայացքների վերլուծությանն ու գիտական արժևորմանը: 1991թ-ին Հր. Հակոբյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում: 1985թ-ին նա ընտրվում է Երևանի պետական համալսարանի «Աթեիզմի տեսության և պատմության» միջբուհական ամբիոնի վարիչ: Հր. Հակոբյանի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ համալսարանի գիտական խորհուրդը վերանայում է ուսումնական պլանները և Երևանի պետական համալսարանում սկսում են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն և տեսություն» առարկան, ինչն այդ ժամանակի համար խիզախ քայլ էր: Այդ նորարարությունն իր տարածումն է գտնում նաև մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ապա նա ակտիվ մասնակցություն է ունենում Երևանի պետական համալսարանում Աստվածաբանության ֆակուլտետի բացմանը, որտեղ շուրջ մեկ տասնամյակ ղեկավարում է «Կրոնագիտության» ամբիոնը: Որտեղ էլ աշխատել է պրոֆեսոր Հր. Հակոբյանը, սերտ կապերով կապված է եղել իր ծննդավայրի հետ, նրա միտքը միշտ զբաղեցրել է Գավառում բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելու խնդիրը: 1991 թ-ին ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ երկրում տիրող սոցիալտնտեսական ճգնաժամի պայմաններում խիստ դժվարացել էր շրջաններից, հեռավոր տարածքներից մայրաքաղաք հասնելը, Երևանում բնակվելը և բարձրագույն կրթություն ստանալը: Էականորեն պակասել էր Կամոյի շրջանից բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվող երեխաների թիվը: Այդ ծանր ժամանակահատվածում Հ. Հակոբյանը նախաձեռնեց Կամոյում բուհ ստեղծելու հայրենանվեր գործը և նրա համառ ջանքերով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 1993 թ-ին հիմնադրվեց Կամոյի, այժմ` Գավառի պետական համալսարանը, որի հիմնադիր ռեկտոր նշանակվեց Հր. Հակոբյանը:
Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 2006 թ.` իր ողջ ուժերը, եռանդը, կազմակերպչական փորձն ու գիտելիքները ներդնելով համալսարանի կայացման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման և ժամանակակից ուսումնական հաստատություն ձևավորելու գործին: Հր. Հակոբյանը 2006 թ-ին ընտրվել է Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով Հր. Հակոբյանը 1987 թ-ին պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով:
2010 թ-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման: Հ. Հակոբյանը պարգևատրվել է նաև մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալով, Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով, բազմաթիվ այլ պարգևներով, պատվոգրերով ու հուշամեդալներով: Նա Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի է: Ամուսնացած է, ունի չորս զավակ, տասնինը թոռ և ծոռ: Այդ մասին հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժ. 18:00 Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժ. 11:00 Գավառի պետական համալսարանում:
Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժ.13:00 Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: