19/12/2011 13:10
Հայկ Դեմոյան.«Ցեղասպանության ճանաչումը վաղեմության ժամկետ չունի»
«Հայոց ցեղասպանության ժխտումը դեմոկրատական արժեքներ ունեցող Եվրոպայում պետք է պատժվի, քանի որ դա ռասիստական դրսևորում է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում, խոսելով Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի մասին, ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Խոսելով հայ թուրքական արձանագրությունների մասին` Հ. Դեմոյանը նշեց, որ դա արդեն «մեռած» փաստաթուղթ է։ Բայց չնայած դրան, Թուրքիան փորձում է այնտեղից ինչ-որ բան «պոկել»` հայկական կողմին ներքաշելով պատմական փաստերի ապացուցման գործընթաց: Սակայն Հ. Դեմոյանը գտնում է, որ դա տեղի չի ունենա և այն կմնա որպես անուրջ թուրքերի համար։
Ինչ վերաբերում է այն խնդրին, թե Ցեղասպանության 100-րդ տարին լրանալուց հետո այլևս հնարավոր չի լինի խոսել ցեղասպանության ճանաչման մասին, Հ. Դեմոյանն ընդգծեց, որ նման բան լինել չի կարող, քանի որ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ ցեղասպանության ճանաչման հարցում վաղեմության ժամկետ սահմանվի։