09/01/2012 14:27
Քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահի և նրա գործընկերոջ կողմից խարդախություն կատարելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Ա. Թադևոսյանը և նրա գործընկեր, ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնի պետի նախկին տեղակալ Լ. Սամվելյանը խարդախության և վստահությունը չարաշահելու եղանակով բնակարաններ վաճառելու և ավտոմեքենաներ տարաժամկետ վճարման պայմանով գնելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից հափշտակել են վերջիններիս գույքը:
Մասնավորապես` Ա. Թադևոսյանը եւ Լ. Սամվելյանը կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ անձանց հետ կնքել են նախնական եւ նախավճարի պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել և հափշտակել են ընդհանուր առմամբ 2 475 425 269 դրամ:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ հիշյալ կոոպերատիվի նախագահը չարամտորեն խուսափել է 50 784 820 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Թադևսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Լ. Սամվելյանին ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, Ց. Պետրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Օհանյանին եւ Դ. Երեմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Քրեական գործն ուղարկվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է ընդհանուր առմամբ 663 158 300 դրամ: