13/01/2012 13:56
Պուտինը մասնակցել է հայ հետախույզ Գ.Վարդանյանի հուղարկավորությանը
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ԽՍՀՄ հերոս, հայազգի ականավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի հուղարկավորության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է «Գազետա.ռու»- ն:
Տեղեկատվության համաձայն, Պուտինը ծաղիկներ է դրել Վարդանյանի դագաղին և զրուցել նրա հարազատների հետ:
Նշվում է նաև, որ հուղարկավորությանը մասնակցել են նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, գերատեսչության նախկին ղեկավարներ Եվգենի Պրիմակովն ու Սերգեյ Լեվեդևը:
Գևորգ Վարդանյանին հարգանքի տուրք են մատուցել ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, ինչպես նաև հայկական սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, Գևորգ Վարդանյանը մահացել էր կյանքի 87-րդ տարում հունվարի 10-ին Մոսկվայի Բոտկինսկի հիվանդանոցում` երկարատև հիվանդությունից հետո: Վարդանյանի մասնագիտական գործունեության ամենավառ էջերի շարքում 1943 թ-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ գերմանացի լրտեսների մերկացումն է եղել, որոնք պատրաստվում էին հարձակում իրականացնել Ուինսթոն Չերչիլի, Իոսիֆ Ստալինի և Ֆրանկլին Ռուզվելտի նկատմամբ: Այդ դեպքերի մոտիվներով հետագայում նկարահանվել է հայտնի «Թեհրան 43» հեռուստաֆիլմը: