22/02/2012 12:21
15 մլն դոլարի վարկ` Հայաստանին
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանի «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» ֆինանսավորման համար: Ծրագիրը կնպաստի ջրի որակի և ջրամատակարարման բարելավմանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում:
ՀԲ երևանյան գրասենյակից մանրամասնում են, որ ծրագրով նախատեսված միջոցառումներից կշահեն Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) և Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքների և հարակից 15 գյուղական բնակավայրերի ավելի քան 133.000 բնակիչներ: Ներդրումների շնորհիվ խմելու ջրի մատակարարման տևողությունը օրական 12 ժամից կհասնի 17 ժամի, կբարելավվի ջրի որակը, կնվազեն ջրի աղտոտման ռիսկերը և կբարելավվի հաճախորդների սպասարկման որակը: Բացի այդ, շուրջ 21.000 բնակիչների տներում կտեղադրվեն ջրաչափեր: Ծրագիրը բազմակողմանի աջակցություն կցուցաբերի հանրային և մասնավոր հատվածներին` ստեղծելով ավելի նպաստավոր միջավայր ծառայության մատուցման համար և խթանելով տնտեսական գործունեությունը:
Ներկայացված ծրագիրը շարունակում է հաջողությամբ իրականացված «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիրը» (ՀՋՋԾ) և դրա լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը, և այժմ կընդգրկի նոր քաղաքներ ու գյուղական համայնքներ: Ծրագրի իրականացման տարիներին` 2004-2011 թթ., ՀՋՋԾ-ն գրանցել է լավ արդյունքներ, որոնցից օգնտվել են 264.000 տնային տնտեսություններ: Խմելու ջրի մատակարարման միջին օրական տևողությունը 6 ժամից հասցվել է 15 ժամի, նվազագույն ցերեկային ջրամատակարարմամբ քաղաքների տոկոսը 68-ից հասել է 94-ի, վարձի հավաքագրումը 47,9-ից հասել է գրեթե 94 տոկոսի, ջրի` ջրաչափային սպառման համար գանձումը 40-ից հասել է 81,2 տոկոսի, իսկ մանրէաբանական անվտանգության ապահովումը 93-ից բարձրացել է 98,2 տոկոսի: