24/03/2012 12:57
Մեկնարկում է «Let’s do it! Armenia» ծրագիրը
Այսօրվանից աշխարհի ավելի քան 85 երկրներում մեկնարկում է «Let’s do it!World» համաշխարհային ծրագիրը: Հայաստանը այս տարի ևս միանում է այս ծրագրին «Let’s do it! Armenia» կարգախոսով:
«Երիտասարդ կենսաբանենրի ասոցիացիա» ՀԿ և ավելի քան 20 գործընկեր կազմակերպությունների ջանքերով ստեղծվել է «Մենք կարող ենք» շարժումը, ովքեր ընդունել են ծրագրի նպատակն ու գաղափարները: Շարժման հիմնական նպատակն է` իրականացնել «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությունը: Մինչև սեպտեմբերի 25-ը նրանք պետք Հայաստանի բոլոր մարզերում պետական կառույցների աջակցությամբ անդամագրեն հնարավորինս շատ կամավորների:
«Մենք այսօր մեկնարկում ենք ողջ աշխարհի հետ, բայց բուն միջոցառումները կսկվեն հետո: Մեր նպատակն է մեկ օրվա ընթացքում մաքրել Հայաստանի անտառները և պատմամշակութային հուշարձանների տարածքը աղբից, դա տեղի է ունենալու սեպտեմբերի 25-ին «Հայաստանը առանց աղբի» համահայկական կամավորական նախաձեռնության ընթացքում» , -նշեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը: Հայաստանի առավել աղտոտված հատվածները ներկայացնելու համար կկատարվի քարտեզավորում՝ աղբահանությունից առաջ և հետո:
«Մենք միանգամից համաձայնեցինք, որովհետև մեր նատակն էլ է Հայաստանը տեսնել առանց աղբի: Աղբը հիմնականում կուտակված է աղբյուրների մոտ, գետամերձ տարածքներում, հանգստի գոտիներում և պատմաշակութային հուշարձանների մոտ: Գնացեք կողքի Վրաստան, ճանապարհները մաքուր են, խնդիրը նաև մեր մեջ պետք է փնտրել», -ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Ա. Գասպարյանի հավաստմամբ, հիմա իրենց կարևորագույն խնդիրներից է բիզնես սեկտորի ներգրավումը. «Մենք պետք է կարողանանք գտնել աջակիցներ այդ ծրագրերն իրականացնելու համար»:
Ամենահասարակ հաշվարկներով յուրաքանչյուր մասնակցին պետք է երկու ձեռնոց և մեկ տոպրակ, մասնակցելու են 5000-10.000 մարդ, և առանց սնունդը հաշվի առնելու դա արդեն իսկ տասնյակ միլիոնների մասին է վկայում: Մասնակիցների այս քանակը այն մինիմումն է, որ պետք է փորձենք ապահովել»,-նշեց նա:
Ծրագրի ընթացքում կանցկանվեն նաև կրթական և տեղեկատվական միջոցառումներ` ներառյալ սեմինարներ և աղբի տեսակավորման դասընթացները: