20/04/2012 13:42
Երևանի կենտրոնում կտեղադրվի Ասորիների ցեղասպանության հուշարձան
«Աբդուլ-Համիդի ժամանակներում և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում բազմահազար ասորիներ են կոտորվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Օսմանյան Թուրքիայում ասորիների ցեղասպանության թեմային` ասաց ԳԱԱ գիտաշխատող Անահիտա Խոսրոևան:
Շվեդիայի խորհրդարանը 2010թ.-ին ճանաչել է հայերի, ասորիների ցեղասպանությունը և, ըստ Խոսրոևայի, այս պահին աշխատանքներ են տարվում Ավստրալիայում ասորիների ցեղասպանության ճանաչման համար:
Իր հերթին «Աթուռ» ասորական կազմակերպության նախագահ Արսեն Միխայլովը նշեց, որ ապրիլի 25-ին Մոսկովյան-Նալբանդյան խաչմերում կբացվի ասորիների ցեղասպանությանը նվիրված հուշարձան և բազմաթիվ ասորիներ կժամանեն ՀՀ:
Ըստ Ասորիների միության նախագահ Ռազմիկ Խոսրոևի, ասորիները շնորհակալ են ՀՀ իշխանություններին` ասորիների նկատմամբ իրենց վերաբերմունքի համար և ապրիլի 25-ը ասորիների համար շատ կարևոր օր է:
Ասորիների միության նախագահը հույս հայտնեց, որ նոր գումարման ԱԺ-ն կճանաչի ասորիների և հույների ցեղասպանությունը:
Խոսրոևը նշեց, որ ասորական դպրոցները, և ընդհանրապես ասորիների հետ կապված կրթական ամբողջ ոլորտը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից:
ՀՀ-ում պաշտոնական տվյալներով բնակվում են 5.000 ասորիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 7.000: