15/05/2012 12:43
«DIY» ակումբը միայն մե՞կն է մեր երկրում
«Ոստիկանության և հասարակության արձագանքը շատ ուշացավ, ինչը նշանակում է, որ հասարակությունը կանաչ լույս է տալիս, որ ինչ ուզում եք արեք: Երբ մենք հասնում ենք այսպիսի ոճիրների, նշանակում է, մենք մեր երեխաներին փոքրուց չենք սովորեցնում, որ նման ոճիրներ չգործեն, մենք չենք ծնվում անհանդուրժող, բայց դառնում ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «DIY» ակումբի պայթեցման վերաբերյալ ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի նախագահ Լառա Ահարոնյանը:
Ըստ նրա, մյուս խնդիրը օրենսդրական դաշտի բացթողումներն են, ԶԼՄ-ների ներդրումը այս ամենի մեջ ևս առկա է, որովհետև ատելության խոսքերը փոխանցվում են նաև ԶԼՄ-ների միջոցով, և այս ամեն ինչի մեջ կա նաև ԶԼՄ-ների մեղքը: «Բավական է, որ նայեք վերնագիրները, օրինակ «Պայթեցրեցին համասեռամոլների ակումբը», «Արդյո՞ք համասեռամոլները պետք է ապրեն», նման վերնագրով նյութեր և արդեն ամեն ինչ հասկանալի է»,-ասաց նա:
Իրավաբան Լուսինե Մինասյանի խոսքով, այս հացագործությունն ուղղված է կոնկրետ անձանց դեմ, սակայն արտահայտվել է անշարժ գույքի վնասմամբ: «Ես չեմ կարող մարդկանց անուններ տալ, բայց տարբեր ակումբներ են եղել, որտեղ տարբեր նման դեպքեր են արձանագրվել»,-ասաց նա:
Նշվեց, որ Պուշկինի վրա կոտրել են մի սրճարանի գարեջրի շշերն այն պատճառով, որ այդտեղ աֆրոամերիկացիներ են հաճախել և ակումբի տերը մի քանի ժամ անցկացրել է` նրանց բացատրելով, որ այդպես չէ, մի այլ սրճարանում դռան վրա ձու են կոտրել, ապակի են կոտրել, մինչ այդ թքել և փսխել են այս ակումբի դռան մոտ: Ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովայի խոսքով, այս դեպքում նրանք վստահ են եղել, որ տեսախցիկ չի լինի, բայց տեսախցիկը ուրիշ տեղ է տեղադրված եղել:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 հասցեում հրդեհ է բռնկվել, որը մարվել էր նույն օրը, ժամը 05.45-ին, ՀՀ ԱԻՆ թիվ 8 և 1 ՀՓՋ մեկական հաշվարկների հրշեջների կողմից: Նույն օրը, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ էր ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 շենքի բակում ռումբ է պայթել:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ օրը, ժամը 05.05-ի սահմաններոմ, եղբայրներ՝ 1992 թ. ծնված Արամե և 1993 թ. ծնված Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:
Մայիսի 9-ին, ժամը 13.00-ին Արամե և Համբիկ Մ.-երը Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: