30/06/2012 10:45
Վահե Ավետյանի մահը կանդրադառնա՞ քննության ընթացքի վրա
«Դա մեխանիկական աշխատանք չէ: Նախաքննությունը շարունակվում է՝ լրացուցիչ ապացույցների ձեռքբերման ուղղությամբ, շարունակվում է քննչական գործով կատարումը, արդյունքում ձեռք կբերվեն լրացուցիչ ապացույցների համակցություն, որի պայմաններում էլ կանդրադառնանք մեղադրյալների արարքի իրավական գնահատականին»,-Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կփոխի մեղդրյալներին առաջադրված մեղադրանքը Վահե Ավետյանի մահը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ և նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տևել էր մի քանի ժամ, և Ավետյանն օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ էր ուղարկել ոստիկանություն:
Ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին և մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաև անվտանգության հինգ աշխատակիցների, այդ թվում Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը և Արման Խաչատրյանը՝ «Կյաժ» մականունով:
Հունիսի 22-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Հարսնաքարի» գործով: Կալանավորվել է 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը: