03/07/2012 12:32
Վանաձորի «Քիմպրոմը» օգոստոսից կսկսի գործել
Այսօր գյուղատնտեսության նախարարությունում նախարար Սերգո Կարապետյանը և էնեգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Ըստ հուշագրի, նախատեսվում է աջակցություն «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ին` քիմիական պարարտանյութերի արտադրությունը վերսկսելու գործում:
Ս.Կարապետյանը նշեց, որ պարարտանյութերը հարյուր տոկոսով ներկրվում են տարբեր երկներից, այն դեպքում, երբ Վանաձորի քիմիական կոմբինատը արտադրել է մեծ քանակությամբ ազոտական պարարտանյութ: Երկրաշարժից հետո արտադրությունը դադարեցվել էր, սակայն արդեն մի քանի ամիս է մասնագետների կողմից գործընթաց է սկսվել. «Վանաձոր Քիմպրոմ»-ը կսկսի պարարտանյութերի արտադրությունը` օգոստոսին:
«Ազոտական պարարտանյութը երկու-երեք անգամ է օգտագործվում, կարբամիդը գարնանը սնուցելուց հետո երկարատև ազդեցություն է ունենում բույսի վրա»,- շեշտեց գյուղնախարարը և կարևորեց տեղական արտադրության կազմակերպումը և գյուղացիները հնարավորություն կունենան որակյալ և մատչելի պարարտանյութ օգտագործել: Այս գործարանը նպատակ ունի արտադրել ֆոսֆորական, կալյումական պարարտանյութ:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանը կարևորեց գործընթացը, և նշեց, որ որոշ սարքավորումներ ներկրվել են, մի մասը տեղում են պատրաստվել, տեխնոլոգիական շղթան պատրաստ է և հնարավորություն կտա պարբերաբար մատակարարել պարատանյութ, այլ ոչ թե սեզոնից սեզոն:
Նշենք, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը նախատեսում է արտադրել «Կարբամիդ»` 46 տոկոս ազոտի պարունակությամբ, Ամոնիում սուլֆատ` 20-20.5 տոկոս ազոտի պարունակությամբ, և կալիումի պարունակությամբ պարարտանյութ: