11/08/2012 10:05
Նավասարդ է. 4504 տարի առաջ Հայկ Նահապետը նետահարեց Բելին
Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ ավանդույթի, Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին: Այդ հաղթությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է Նոր տարի:
Եվ միայն 18-րդ դարում՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը (համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ), թեև մինչև 19-րդ դարի կեսերը հայկական շատ գավառներում (Սյունիք, Արցախ, Ուտիք) Նոր տարին շարունակում էր տոնվել օգոստոսին: Միայն 20-րդ դարասկզբից հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ տոնելը համընդհանուր դարձավ:
Նոր տարվա սեղանի պարտադիր խմորեղենն էր գաթան, որի երեսը զարդարում էին կենդանիների պատկերներով կամ տաճարների նկարներով` հաճախ մատով փոսիկներ անելով: Գաթայից ու «Տարի»-ից բացի Նոր տարվա համար թխում էին զանազան ձևավոր հացեր:
Ձևավոր հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլև շնորհավորում էին միմյանց տոնը և դրանցով «կաղնդում» ջուրը, նոր տարվա նախորդ գիշերը ամբողջ Հայաստանում լայնորեն տարածված էր ջուրը կաղնդելու սովորությունը: Կեսգիշերին կանայք և երիտասարդ տղամարդիկ իջնում էին գյուղի աղբյուրը և այն կաղնդում՝ շաղ տալով նրա մեջ սերմեր, պտուղներ կամ թրջելով ծիսահացերը: Հավատում էին, որ ճիշտ կեսգիշերին ջրի տեղ աղբյուրից ոսկի է հոսում (մի պահ ընդամենը) և աշխատում էին հենց այդ պահին աղբյուրից ջուր բերել:
Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում քաջ հայտնի էր «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը, որն Արևելյան Հայաստանում հայտնի էր նաև «ճլոլանք» անվամբ: Այս սովորույթի էությունն այն էր, որ երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ ուսած շրջում էին երդիկից երդիկ և դրանք չվանով երդիկից ցած իջեցնելով՝ բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը պարտավոր էր լցնել տոպրակը մրգով, չիր ու չամիչով, գաթայով:
Նոր տարվա սեղանին պարտադիր էին 7 տեսակ միրգը և 7 ճաշատեսակները:
Ամանորյա սովորույթների մի մասն անմիջականորեն կապվում է կրակի, ծառերի, ջրի պաշտամունքների հետ:
Հայաստանի որոշ շրջաններում ընդունված էր Կաղանդի իրիկունը տան կրակարանը կամ օջախը կաղնդելու սովորությունը: