07/12/2012 11:09
Լրագրողի նոթերից. Երկրաշարժի, ընկերոջս ու բարության մասին
Ես երկրաշարժը չեմ հիշում. Հիշում եմ միայն, որ մանկապարտեզում մի օր առաստաղից կախվեցին մեր խաղալիքները. ընկեր Վիկտորիան ասում էր` ուշադիր եղեք, հենց տեսնեք` շարժվում են, արագ դուրս վազեք: Իմ գլխավերևում Չիպոլինոն էր, նա իմ հույսն էր 2 տարեկանում, վստահ էի` շուտ կշարժվի ու ես անպայման կհասցնեմ դուրս վազել:
Հետո հիշում եմ հորս, մեծ-մեծ մարդ, հաղթանդամ` մի բուռ դարձած. Նստել էր գետնին ու լաց էր լինում. Հեռուստացույցով ինչ-որ կադրեր էին` մարդիկ, քաոս, կարմիր դագաղներ: Ես առաջին անգամ էի տեսնում դրանք:
Շատ տարիներ հետո ընկերացա գյումրեցի Համբարձումի հետ: 1988-ի դեկտեմբերի տասին պիտի դառնար հինգ տարեկան: Մեծ ընտանիք ուներ, համերաշխ, սիրով` իսկական գյումրեցու գերդաստան: Երկրաշարժից հետո ցեղը պակասեց, մորաքրոջ ընտանիքը մնաց քարերի տակ: Ասում է` առաջին բանը, որ հիշում է երկրաշարժից, ձյունն է: Դեկտեմբերի 7-ին մարդիկ գիշերեցին դրսում` վախենում էին, տուն չկար, սիրտ չկար` ապրելու: Հինգ տարեկան ընկերս բացեց աչքերը ու տեսավ` վերմակի վրա ձյուն է նստել, կողքը ճերմակ է, իսկ մարդիկ իրար աչքալուսանք են տալիս` «Ես իմոնց գտա, մարդավարի կթաղեմ»…
Հաջորդ օրը Համբարձումին ու մյուս երեխաներին բերում են Երևան` բարեկամներից մեկի տուն: Նա չի հասկանում` ինչ է կատարվում, միայն գիտի, որ իր ծնունդն է, իսկ ծնունդն առանց տորթի չի լինում: Մայրը լացում է` քրոջ ընտանիքն այլևս չկա, աշխարհը փուլ եկավ, իսկ որդին տորթ է ուզում:
Հաջորդ առավոտյան Համբարձումի համար աշխարհը բարի էր, ինքը տորթ ուներ, բայց մայրն էլի լալիս էր: Տիկին Կարինեն, ում տանն ապրում էին, գիշերը չէր քնել, կարևոր գործ ուներ` պիտի հավատացներ` կյանքը շարունակվում է:
24 տարի է անցել, Համբարձումն արդեն ընտանիք ունի, աշխատում ու ապրում է Գյումրիում: Երկու օրից գալու է Երևան, կինը տորթ կթխի, կբերեն տիկին Կարինեի տուն, կհիշեն 88-ը, կլացեն ու կյանքն էլի բարի կլինի:
Նախորդող հրապարակում` Լրագրողի նոթերից. Սեդա. Զինվորի կինը