26/12/2012 16:27
Կայացել է Գրեթերթի 6-րդ մրցանակաբաշխությունը
Նախօրեին կայացել է «Գրեթերթի» ամենամյա մրցանակաբաշխությունը: Արձակի բնագավառում մրցանակ է ստացել Գրիգը «Պուճուր մարդը» ստեղծագործության համար, պոեզիայի բնագավառում՝ Մանե Գրիգորյանը՝ «Բանաստեղծական շարքի» համար, գրաքննադատություն անվանակարգում մրցանակ է ստացել Անի Հովնանյանը «Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից առաջ» հոդվածի համար, հրապարակախոսություն և էսսե անվանակարգում՝գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը «Ափսոս գրաքննադատությունը» հոդվածի համար, թարգմանություն անվանակարգում` Անի Հակոբյան, Չ. Բուկովսկի «Քաղաքի ամենագեղեցիկ կինը» պատմվածքի համար: Գրաքննադատություն անվանակարգում մրցանակ ստացավ Անի Հովնանյանը` «Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից առաջ»:
Aysor.am-ի հետ զրույցում «Գրեթերթի» գլխավոր խմբագիր, արձակագիր Գուրգեն Խանջյանը նշեց, որ թերթում տպագրվում են մինչև 30 տարեկան ստեղծագործողները, բացառություն է արվում նախկին հեղինակների` մինչև 35 տարեկան և ավագ սերնդի ներկայացուցիչների համար, ովքեր գրում են երիտասարդների մասին:
Արձակագրի փոխանցմամբ՝ «Գրեթերթի» մրցանակաբաշխության համար չկա հանձնաժողով, թերթի այդ տարվա ընթացքում տպագրված հեղինակները հավաքվում են և քվեարկում` իրենք են հանձնաժողովը, իսկ մրցանակները գրքեր են:
Գ. Խանջյանը նաև նշեց, որ «Գրեթերթի» առաջին տարիների հեղինակներն արդեն հաստատուն տեղ են գրավել գրականության մեջ` Արամ Պաչյան, Հովհաննես Թեքգյոզյան, Համբարձում Համբարձումյան: «Գրեթերթի» առաջին և նոր սերնդի հեղինակների բերած գրականության միջև տարբերություն կա, առաջին սերնդինը «ավելի գրականություն էր», իսկ ներկա սերնդի ստեղծագործությունների վրա կա ժամանակի կնքը` համացանցը, որը երիտասարդ գրողներին գցում է «ափալթափալի մեջ»: Երիտասարդները շտապում են գրել, լայքեր ստանալ, իսկ լեզվի նկատմամբ անփույթ են:
«Գրականությունը մի տեղ է, որտեղ լրջություն է անհրաժեշտ, պետք չէ շտապել»,- շեշտեց Գուրգեն Խանջյանը: