Լրագրողի նոթերից. Կորած մանկության ու ամենալավ Ամանորի մասին
29/12/2012 17:09

Լրագրողի նոթերից. Կորած մանկության ու ամենալավ Ամանորի մասին

Իմ կյանքի առաջին «նոր տարիները» համընկան պատերազմի հետ. Ի՞նչ արած, այդպես ստացվեց: Հստակ չեմ հիշում տարեթիվը, բայց մի տարի մայրս ասաց՝ Նոր տարի չի լինելու: Ո՞նց չի լինելու: Ինչպե՞ս կարող է Նոր տարի չլինել: Այդ տարի Նոր տարին բոլորի տուն չեկավ: Ես ու եղբայրս, որ ընդամենը երեք տարի էր մեծ, հավատում էինք՝ մի բան կլինի, անպայման Նոր տարի կգա, այդպես ուղղակի չի լինում:

Տանը ցուրտ էր, գործ չկար, ինչպես շատ-շատերի տներում, բայց մենք փոքր էինք ու մեզ տրված էր հավատալու ու երազելու կարողությունը: Մայրս ու հայրս մի քանի ժամով դուրս եկան. Արդեն երեկո էր, մենք սպասում էինք հրաշքի: Հետ եկան՝ պարզվեց՝ շուկայից: Ձեռքներին երկու տոպրակ. Մեկում՝ մանդարին՝ փոքր, շատ փոքր, երևի 1 կամ 2 կիլոգրամ, մյուսում՝ ինձ համար մազակալ, եղբորս համար` թաշկինակ: Այդպես՝ երկու տոպրակով Նոր տարին մեր տուն եկավ:

20 տարուց ավելի է անցել, բայց միևնույն է, դա մեր կյանքի լավագույն Ամանորն էր, որովհետև վաստակված էր, երազած, որովհետև սպասված էր և որովհետև միակ բանն էր, որին դեռ հավատում էինք:

Այդ տարի մեր տանը առաջին անգամ խմվեց սահմանը պահող տղերքի կենացը ու այդպես արդեն ամեն տարի: Հիշեք զինվորին Ամանորի գիշերը, հիշեք երկիրը, հիշեք ձեզ. այդ գիշեր արված աղոթքը տեղ է հասնում, հավատացեք, ես այդպես Նոր տարի եմ բերել:
 
Նախորդող հրապարակումներ՝ Լրագրողի նոթերից. Սեդա. Զինվորի կինը

Լրագրողի նոթերից. Երկրաշարժի, ընկերոջս ու բարության մասին

 

Լրագրողի նոթերից. Կորած մանկության ու ամենալավ Ամանորի մասին