07/01/2013 19:15
Այսօր միջուկային հրթիռների կոնստրուկտոր Սամվել Քոչարյանցի ծննդյան օրն է
Սամվել Քոչարյանցը ծնվել է 1909 թ.-ի հունվարի 7-ին Նոր Բայազետում (Գավառ): 1937 թ. նա ավարտում է Մոսկվայի էլեկտրոտեխնիկական ինստիտուտը (ՄԷԻ): Հայրենական մեծ պատերազմի ավարտից անմիջապես հետո նա ներգրավվում է միջուկային զենքի ստեղծման աշխատանքներում խստորեն գաղտնի պահվող Արզամաս-16 գիտավանում (այժմ` Նիժնի Նովգորոդի մարզի Սարով քաղաք) Փորձարարական ֆիզիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում:
Կես դար նա աշխատել է այնտեղ և եղել Խորհրդային Միության ամենագաղտնագրված մարդկանցից մեկը: Ահա թե ինչ են գրում նրա մասին աշակերտներն ու հաջորդները, որ այսօր աշխատում են այդ փառաբանված ինստիտուտում. «Հունվարի 7-ին լրացավ ականավոր գիտնական, Ռուսաստանի դաշնապետական միջուկային կենտրոնի` Փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտի (ՌԴՄԿ-ՓՖՀԳԻ) գլխավոր կոնստրուկտոր (1959-1990 թթ.), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի, երեք Ստալինյան մրցանակների, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինի 6 շքանշանների և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի ասպետ, Սարով և Նոր Բայազետ քաղաքների պատվավոր քաղաքացի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորի Քոչարյանցի ծննդյան 114 տարին:
Ս. Գ. Քոչարյանցի անվան հետ է կապված Խորհրդային բանակի տարբեր զորատեսակների զենքի գործնականում բոլոր համալիրների համար միջուկային մարտական սարքավորման ստեղծումը, իսկ ըստ էության` իսկական միջուկային զենքի (ՄԶ) ստեղծումը: Ս. Գ. Քոչարյանցի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մարտական հերթապահության դրվեցին մի քանի սերնդի միջուկային զինամթերքներ (ՄԶՄ), որոնք փուլ առ փուլ կատարելագործվում էին կրիչների, դրանց կառավարման համակարգերի զարգացմանը զուգընթաց, այդ թվում հավանական հակառակորդի ՀՀՊ համակարգերի հաղթահարման և հրթիռա-միջուկային հարձակումից սեփական տարածքի պաշտպանության նպատակով: Ներկայումս ևս Ս. Գ. Քոչարյանցի մշակած ՄԶՄ-ներով հանդերձված ՄԶ-ի համալիրները Ռուսաստանի բանակի սպառազինության մաս են կազմում: