18/01/2013 16:04
Լրագրողի նոթերից. Մեր, ազնիվ սրիկայության ու սուտ հայրենասիրության մասին
Վերջին մի քանի օրերին համացանցում անընդհատ աչքիս են ընկնում «յագարեգիննժդեհ» արտահայտությամբ, տարբեր տեսաշարերի վրա պատրաստված մինիսքեչերը: Հասկացանք, հետո՞: Ես ցեղակրոն չեմ, նժդեհապաշտ էլ չեմ, ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ե՞րբ այսքան վատը դարձանք:
Ոնց հասկացա՝ Նժդեհի մասին պատմող ֆիլմն ամբողջությամբ դեռ ոչ ոք չի դիտել, բայց դատողներ արդեն կան: Թույլ տվեք՝ ես էլ դատեմ:
Մարդիկ, որ ամեն օր, ամեն առիթով խոսում են հայրենիքի, պայքարի ու ազնվության մասին, հասկանում արվեստից ու դատում սեփական հայրենիքը դրա բացակայության համար… Ֆիլմ է նկարվել. Վերջապես մեր երկրում էլ հասկացել են, որ մեր արժեքները, մեր ունեցածը, անգամ մեր հորինածը մասայական մշակույթի միջոցով ներկայացնելու խնդիր ունենք: Պատերազմ հաղթած ու այդ պատերազմի մասին միայն բերնեբերան լսած սերունդ ենք. մեզ հավատալու, գոնե տեսնելու առիթ է պետք: Արվեստի մասին մտածողներ, էս մի թիքա երկրին սեփական ուժերին հավատալու, փորձելու, սխալվելու ու մի օր էլ գուցե չսխալվելու հնարավորություն տվեք:
Անընդհատ փորձում եմ պատճառներ գտնել. Մտածում եմ՝ երևի քաղաքականություն է: Բայց ախր տկարամտություն է Նժդեհին համարել ՀՀԿ սեփականությունը, կամ, օրինակ, Հայոց ցեղասպանությունը՝ ՀՅԴ-ինը: Կան բաներ, որ մերն են ու միայն մերը:
Հետո նայում եմ, թե ովքեր են տարածում այդ հոլովակները. Հա, հայրենիքը հեռվից սիրելը հեշտ է: Այդ սերը նույնքան վեհանձն է թվում, որքան սրտացավ՝ այդ նույն հայրենիքը աղբի հետ շաղախելը: Երևի… Այս մի քանի օրերի աղմուկը շատ նման էր անցյալ տարի «Հայաստանը ես եմ» կարգախոսից հետո առաջացած «հայրենասիրական» «Հայաստանը տատդ է» «սրամտությանը»: Եվ այո, պարոնայք, Հայաստանը ես եմ, ես այդ իրավունքը վաստակել եմ այս երկրում ապրելով ու այս երկիրը սիրելով: Իսկ Գարեգին Նժդեհը հաստատ դուք չեք:
Հ.Գ. Ավելի լավ է ազնիվ սրիկա լինել, քան սուտ հայրենասեր:
Նախորդող հրապարակումներ՝ Լրագրողի նոթերից. Սեդա. Զինվորի կինը
Լրագրողի նոթերից. Երկրաշարժի, ընկերոջս ու բարության մասին
Լրագրողի նոթերից. Կորած մանկության ու ամենալավ Ամանորի մասին