05/02/2013 17:52
Ռուդիկ Բարսեղյան. «Սա իմ 2-րդ ոսկե մեդալն է»
Հայտնի հեռուստամեկնաբան, «Հեռուստաֆուտբոլ+» հաղորդման հեղինակ և վարող, մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը, ով 43 տարի շարունակ աշխատում է հեռուստատեսությունում, այսօր Երևանի Պետական համալսարանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի կողմից պարգևատրվել է բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով` ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում բացառիկ ծառայություններ մատուցելու համար:
Միջոցառմանը ներկա էին Երևանի պետական համալսարանի և մարզական ֆեդերացիաների ղեկավարները, լրագրողները, ինչպես նաև հայկական սպորտի վառ ներկայացուցիչները, ինչպիսիք են լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանն ու գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
Հրաչյա Ռոստոմյանը բարձր գնահատեց Ռուդիկ Բարսեղյանի` հայկական սպորտի պրոպագանդման և զարգացման գործում մատուցած ծառայությունները: Ելույթի խոսքով հանդես եկան ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն ու այլոք:
Իսկ թե ինչու միջոցառումը կայացավ Երևանի Պետական համալսարանում, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ոսկե մեդալակիր Ռուդիկ Բարսեղյանը:
«Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` ինձ նման պարգևի արժանացնելու համար: 43 տարի հանդես եմ գալիս հեռուստատեսությունում և շնորհակալ եմ, որ իմ կատարած աշխատանքը գնահատվում է: Մինչ այդ կրկին ոսկե մեդալի էի արժանացել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Փաստորեն, սա 2-րդն էր:
Իսկ թե ինչո՞ւ միջոցառումը կայացավ այստեղ, ասեմ, որ համարվում եմ Երևանի պետական համալսարանի աշխատակից, ինչպես նաև նույն համալսարանի հյուրերի տան տնօրենն եմ»,- նշեց Ռուդիկ Բարսեղյանը: