19/02/2013 13:53
Մահացել է բժշկական գիտությունների ակադեմիկոս Վիկտոր Ափոյանը
ՀՀ առողջապահության նախարարությունը խորն ափսոսանքով տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին 83 տարեկանում մահկանացուն է կնքել բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Վիկտոր Թադևոսի Ափոյանը:
Վիկտոր Ափոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը 18-00-ին Կոնդ թաղամասի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը` փետրվարի 20-ին, ժամը 13-00-ին` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանից։
Վիկտոր Ափոյանը բժշկական կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, որն ավարտել է 1955թ.:
Մոսկվայում իրականացրած գիտահետազոտական աշխատանքից հետո 1963թ. նրա բժշկական, գիտական, մանկավարժական գործունեությունն անխախտ կապված է եղել Հայաստանի առողջապահության ոլորտի` վիրաբուժության հետ:
1963-1979թթ. աշխատել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում` հասնելով պրոֆեսորի պաշտոնի:
1979-1998թթ. ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոնը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան։ 1998թ. մինչ իր մահը եղել է այդ ամբիոնի պրոֆեսորը:
1973-1974թթ. Վիկտոր Ափոյանը Երևանի գլխավոր վիրաբույժն էր, 1982-1984թթ.` Հայաստանի Հանրապետության գլխավոր վիրաբույժը:
1990-2008թթ. եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Վիրաբուժություն» մասնագիտական խորհրդի նախագահը:
Պրոֆ. Վ.Թ.Ափոյանը հայերենով հրատարակված «Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի հեղինակն ու խմբագիրն է:
Նա հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատանք:
Հայաստանի վիրաբուժությունում առաջինն է ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինակոկոզի բուժման, էնդոկրին վիրաբուժության մի շարք մեթոդներ: