21/02/2013 11:43
Լրագրողի նոթերից. Վեց երազանք` մի ճամփա. Արցախ
Տարվա սկզբին ես ու Լիլիանը հստակ որոշել ենք` արձակուրդի վերջին շաբաթը Արցախ ենք գնալու: Ու ամեն նոր օր նույն երազանքը` Արցախ: Արցախն իմ ափն է. Իմ վերջին կետը ու սկիզբը նորի:
Գնալու նախորդ օրը հիշում ենք Լիլոյիս. Կարոտել ենք. Գնանք-գանք` անպայման հանդիպենք: Զանգ.
-Վայ, Լիլս, մենք էլ քեզ էինք հիշել, մտածում էինք` գնանք Արցախ, գանք ու հանդիպենք:
-Ու՞ր գնաք:
-Արցախ:
-Ես կզանգեմ հիմա… Մենք էլ ենք գալիս:
Ու հաջորդ առավոտ, ժամը 7-ին ճամփա ենք ընկնում. Ամեն մեկս մեր երազանքի հետևից: Արդեն 7 տարի երազում եմ Դադիվանքի մասին, չգիտեմ` կգնա՞նք, թե` չէ: Հիմա ուղղակի գնում ենք Արցախ: Մարին հատուկ ճամփա ունի` դեպի զինվոր: Մեռնեմ զինվորիս: Լիլոս գալիս ա Աստծուն տեսնելու` Գանձասար:
Առաջին անգամ պիտի հյուրանոցում ապրենք, Շուշիում. Չեմ ասում, բայց մեջս վախ կա. Շուշիում միշտ ճնշվում եմ, աշխատում եմ` մութը չընկած` դուրս գալ քաղաքից: Սպիտակ-սպիտակ, թափանցիկ քաղաք. Նեեեեղ փողոցներով, քանդված տներով, կորած ճակատագրերով…
Մարին ասում է` Սոն, պատերազմը ստեղ չի վերջացել, աչքերս փակում եմ` պատերազմ է: Հա արևս, առաջին անգամ ես էլ էի պատերազմ տեսնում, բայց դա հիշողություն է, սպիտակ քաղաքի վատ հիշողություն, կգնանք Ղազանչեցոց ու կմոռանաս:
Գնում ենք Գանձասար. Տարվել ենք իրարով ու հատկապես զինվորով, ուղղակի գնում ենք. Ճանապարհը չի վերջանում, Խոջալու, Աղդամ…ու ես արդեն հասկանում եմ` սխալ ենք եկել. Բացում ենք քարտեզը` դիրքեր: Տիգրանը պտտում է մեքենան ու հետ տանում մեզ: Ու միակ բանը, որի համար հետո ափսոսում ենք, թուրքերին բարձրաձայն չհայհոյելն էր:
Ու նորից ճամփա: Գանձասար:
Մտնում եմ եկեղեցու բակ ու մտքում ասում` «Բարև, Աստված»: Պատասխան չկա, գիտեմ` Աստված լռություն է: Ու հասկանում եմ` իմ աղմուկի մեջ էս լռությունն էի կորցրել: Ամեն տարի անցյալս Գանձասարում եմ թողնում, որ սիրելով թողնեմ, լռության մեջ:
Մոմ եմ վառում, ու նորից 8 հատ, ինչպես միշտ: Հետո հիշում եմ` Յանային մոռացել եմ: Արդեն պիտի գնանք, բայց հասցնում եմ. ևս 2 մոմ` Յանայի համար: Հիմա հաստատ գիտեմ` լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու:
Հասնում ենք Ստեփանակերտ. Սիրում եմ էս քաղաքը` հատկապես երեկոյան. Սիրուն-սիրուն մարդիկ, փակ փողոցներ, լիքը ժպտացող դեմքեր ու խաղաղության գինը իմացողներ: Թողնում ենք զինվորիս ու հետ գալիս Շուշի: Պիտի հանգստանանք, վաղը գնում ենք երազանքիս հետևից:
Առավոտյան նորից նստում ենք մեքենա` ամեն մեկն իր տեղն ունի արդեն. Ես` Մարիի ու Լիլիանի մեջտեղում: Ճանապարհին մտնում ենք Տիգրանակերտ: Անցյալ տարվանից լիքը բան է փոխվել: Բակում աշխատող մարդը հիշեց ինձ ու Լիլիանին, ասեց` մյուս տարի էլ եկեք, ավելի սիրուն կլինի: Մենք էլ խոստացանք` գալու ենք անպայման:
Սարի վրա փոքր եկեղեցի կա. Հետո եմ գտնում` Սուրբ Կիրակոս: Բարձրանում ենք սարը, ճանապարհին 100 տեղ կանգնացնում մեքենան. Ինձուինձ զարմանում եմ Տիգրանի համբերության վրա, մեզ էսքան դիմանալ կլինի՞. Տիգրանը դիմանում է:
Մի տոպրակ նուռ քաղեցինք, Լիլոս կչորացնի ու կբաժանենք` մեր նոր տների համար: Ես թուզ չեմ ուտում, բայց սբ. Կիրակոսի ճամփին մի ծառ կերանք. Ուրիշի բոստանից գողացած ցոգոլի համ ուներ:
Հասնում ենք սարի գագաթին: Փոքր, սպիտակ եկեղեցի. Քամին շարժում է դուռը, ու թվում է` մարդ կա: Մտնում ենք ներս` մենակ ենք. Տիգրանը հերթով կանգնացնում է մեզ եկեղեցու շեմին` սարի ծայրին, ու «թռցնում»: Քամին տալիս է դեմքիդ, լուււււռ, տակը` խոր անդունդ, կողքիդ թռնող արծիվներ:
180 կմ. Հեռու, վատ ճանապարհ. Ոչ ոք չի հոգնել, չի տրտնջում. Սարերի մեջ մեկ էլ հանկարծ երևում է. Սիրտս մի պահ կանգնում է, որ լուռ լինի, լրիվ լուռ: Ծնկներս թույլ են, ես` երջանիկ: Դադիվանք. Բարև երազանք ջան:
Ժամանակ քիչ ունենք, պիտի հետ դառնանք. Ուզում եմ` ժամանակը կանգնի, որ հասցնեմ ամեն ինչ: Գնալուց առաջ հիշում եմ` ընկերներիցս մեկը պատմում էր, որ եկեղեցու ներսում երազանքի պատ կա. Կողքի փոքր կրպակում վզնոցներ վաճառող Գուգոյից հարցնում ենք պատի տեղը. մեզ տանում է փոքր սենյակ, կիսաքանդ պատի վրա լիիիիիքը քարեր կան, լիքը երազանք` պուճուր սենյակում: Ընկերս ասում էր` երազանք պահի, աղոթի ու, եթե հոգիդ մաքուր է աղոթքի պահին, քարը կկպնի: Կպան, երեքն էլ:
Տնջրի, Շուշի, Ջդրդուզ, Սբ. Կիրակոս, Տիգրանակետ, Գանձասար, Դադիվանք.
Վերջին կանգառը` Զոնտիկներ: Բայց այս մեկն արդեն մեր գաղտնիքն է: Հետ ենք գալու. Անպայման: