04/03/2013 13:00
Լրագրողի նոթերից. Թամանյան. Ավելին, քան սերը
Երբևէ մտածե՞լ եք` ինչո՞ւ է Երևանն այսքան գեղեցիկ: Այն գեղեցիկ է, ինչպես սիրուց ծնված ամեն ինչ: Իսկ Երևանն, իրոք, ծնվել է սիրուց: Տղամարդու և կնոջ այս «սիրավեպը» ստեղծվել է որպես երազանք և հույս, որպես երկնային դղյակների քաղաք:
Ալեքսանդր Թամանյանի և Կամիլլա Էդվարդսի ընտանեկան կյանքը լի էր երջանկությամբ և կորուստներով: Փափկասուն ու գեղեցիկ բրիտանուհին, սիրած տղամարդուն հետևելով, հայտնվել էր փոշոտ մի քաղաքում, որտեղ սով էր ու համաճարակ: Թամանյանն ինքն իրեն էր մեղադրում ընտանիքին հասցրած բազմաթիվ դժվարությունների, անկայուն կյանքի համար, որի պատճառով էլ մեկը մյուսի հետևից մահանցան նրա դուստրերը: Կնոջ ցավը մեղմելու համար պետք էր ստեղծել մի նոր աշխարհ, որտեղ կլիներ միայն արև ու սեր: Եվ այդ աշխարհը Երևանն էր:
Սիրո իր աշխարհի կառուցումը Թամանյանն այդպես էլ չտեսավ, չնայած աշխատում էր անընդհատ` առանց վայրկյան կորցնելու: Նա չհամաձայնեց նաև արտասահմանում աշխատելու և ապահով կյանք ունենալու բազմաթիվ առաջարկներին: Ասում են` թաղման ժամանակ Թամանյանի հագի կոշիկները ծակ են եղել. մաշվել են Օպերայի շինհրապարակում: Այդ պատճառով էլ ճարտարապետին հագցրել են որդու կոշիկները:
Երևանին իր կոչումը վերադարձնելու մի ուղի կա միայն. բողոքելու և դժգոհելու փոխարեն պետք է այն սիրել: «Թամանյանական Երևանից այսօր քիչ բան է մնացել: Չկան այլևս շենքերն ու տները»,- ասում են մարդիկ:
Բայց այն, ինչից ծնվեց Երևանը, դեռ ապրում է: