16/05/2013 14:54
Դսեղի անտառտնտեսության տնօրենը ճանաչել է Թ. Մաթևոսյանին և նրան սպանողին
«Հայանտատ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վահե Քառյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ճանաչում է և Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանին, և էկոլոգիայի տեսուչ Տիգրան Մ.-ին:
«Թ. Մելիքյանը արդեն 7-8 տարի է, ինչ Մոտկորի անտառապատն է, նորմալ, պարտաճանաչ աշխատող էր»,-ասաց նա, նշելով, որ չի հիշում Թ. Մաթևոսյանի հետ կապված որևէ խնդիր:
Հարցին` իսկ էկոլոգիայի տեսուչ Տ. Մելիքյանի հետ երբևէ շփվե՞լ է, նա նշեց, որ Տիգրան Մ.-ի աշխատանքային հանդիպումներ ունեցել է անտառներում՝ տարբեր խախտումների հետ կապված, սակայն նրա հետ կապված որևէ խնդրի կամ կոֆլիկտի մասին ևս որևէ ինֆորմացիայի չի տիրապետում:
Հնարավո՞ր է, որ նրանց բախումը անտառում որևէ խախտման հետ է կապված եղել, հարցին ի պատասխան նա նշեց, որ դեպքը երեկ երեկոյան է եղել, իսկ այդ անտառում վերջերս կատարված որևէ խախտման մասին չի լսել:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում սպանել է 1978 թ. ծնված Թովմա Մաթևոսյանին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Թ. Մաթևոսյանին սուր-կտրող-ծակող գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ Aysor.am-ի տեղեկությունների համաձայն` մահացածը Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Թովմա Մաթևոսյանն է, ով Մոտկորի անտառապետն էր և հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին:
Սպանությունը կատարած Տիգրան Մ.ն աշխատում է ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության Վանաձորի տարածքային բաժնում՝ որպես էկոլոգիայի տեսուչ:
Նախորդող հրապարակում` Սպանվել է Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին