25/05/2013 14:52
«Գազի գնի բարձրացման դեպքում պետք է անհնազանդություն ցուցաբերել»
Գազի սակագնի բարձրացման հարցում չպետք է բացառել քաղաքական բաղադրիչը: Իշխանությունները երկրում վարում են գների բարձրացման քաղաքականություն, Հայաստանը Եվրոպային նմանվում է միայն բարձր գների մակարդակով: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Կառավարությունը, գները բարձրացնելով, փորձում է ավելացնել բյուջեի եկամուտները. «156 դրամ են հայտարարել, և այս կերպ ուզում են թանկացման գործընթացը շարունակել, սակայն այսօր հասարակությունը հասունացել է և կարող է «ոչ» ասել Հայաստանում տարվող գների բարձրացման քաղաքականությանը, ու մենք պետք է պահանջենք, որ գազի սակագինը ոչ թե բարձրանա, այլ` նույնիսկ նվազի»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Ա. Ղուկասյանի կարծիքով, պատվեր է իրականացնում:
Ասուլիսին մասնակից «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության մեկ այլ անդամ, «Երևանգազի» նախկին աշխատակից Սիլվա Ադամյանն իր հերթին ասաց, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը փորձում է համոզել հասարակությանը, որ ուզում է ավելի լավ աշխատել, բայց դա, ըստ նրա, այդպես չէ. «Յոթ տարի տեսել եմ, որ ընկերությունը ոչինչ չի անում այդ ուղղությամբ, պատշաճ սպասարկում չի իրականացնում` առկա է գազի արտահոսք, անորակ գազի խողովակներ, ուստի ծախսերի մասին պատճառաբանությունը չի կարող ճիշտ լինել. «Ընկերությունում վերազինման կարիք, առհասարակ, չկա»։
Նույն նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանն անդրադարձավ կառավարության սուբսիդավորմանը` նշելով, որ այդ դեպքում բարձրացված գազի գնից հնարավոր է նվազեցնել 9 դոլար. ««ՀայՌուսգազարդը» կարող է հետ վերցնել իր ներկայացրած հայտը, ինչի արդյունքում գազի գնի բարձրացում չի լինի»:
Գազի գինը, Ա. Գրիգորյանի կարծիքով, հնարավոր է նվազեցնել, եթե ՀԾԿՀ-ն գործի քաղաքական գործընթացներից դուրս, սակայն հանձնաժողովը, ըստ նրա, գտնվում է քաղաքական լծի տակ:
Նախաձեռնության անդամները հայտնեցին, որ ցանկացած պարագայում իրենք և հասարակությունը պետք է անհնազանդություն ցուցաբերեն: