26/05/2013 15:03
Մաթևոսյանի եղբորորդու սպանության մեջ մեղադրվող Տ. Մելքիյանը կալանավորվել է
Մայիսի 25-ին Վանաձորի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանը, ով մեղադրվում է Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Տ. Մելիքյանը աշխատում է ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության Վանաձորի տարածքային բաժնում՝ որպես տեսուչ:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում սպանել է 1978 թ. ծնված Թովմա Մաթևոսյանին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Թ. Մաթևոսյանին սուր-կտրող-ծակող գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Տիգրան Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախորդող հրապարակում՝ Սպանվել է Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին
Մոտկորի անտառապետի սպանության մեջ կասկածվողը կկալանավորվի
Դսեղի անտառտնտեսության տնօրենը ճանաչել է Թ. Մաթևոսյանին և նրան սպանողին