04/07/2013 14:08
«Դարերի խորքից դեպի տիեզերք» գիրքը կտրվի նաև Արցախի ու Ջավախքի դպրոցներին
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ աստղագետ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիտահանրամատչելի գրքի շնորհանդեսը:
Գիրքը ներկայացնում է հանրամատչելի մի պատմություն ճանաչման այն ուղու մասին, որն անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում՝ սկսած քարի դարից մինչև մեր օրերը:
Այն նախատեսված է, ինչպես հանրակրթական դպրոցի 6-12-րդ դասարանցիների, ուսանողների և ուսուցիչների, այնպես էլ` ոլորտով հետաքրքրվող լայն շրջանակների համար:
«Գիրքը գրելիս ես առաջնորդվել եմ նախևառաջ գիտելիքի մատուցման յուրահատուկ ձևով: Գրքում դուք չեք գտնի պատրաստի գիտելիք կամ փաստեր, որոնք ուղղակի պետք է սերտել, անգիր անել: Գրքի յուրաքանչյուր գլխում այս կամ այն եզրակացությանն ու գիտելիքին մենք ընթերցողի հետ միասին ենք հանգում: Սա թույլ է տալիս երեխային ու առհասարակ գրքի սպառողին մտածել ու կատարել տրամաբանական եզրահանգումներ»,- շնորհանդեսի ժամանակ ասաց գրքի հեղինակ Ավետիք Գրիգորյանը:
Գիրքն աստղագետը նվիրել է, իր իսկ կողմից ղեկավարվող «Տիեզերագիտական խմբակի» 25-ամյակին:
«Չնայած ես արդեն 41 տարեկան եմ` շարունակում եմ ինձ համարել «Տիեզերագիտական խմբակի» սան, իսկ Ավետիք Գրիգորյանը շարունակում է մնալ իմ ուսուցիչը: Ես շնորհակալ եմ նրան իր կատարած մեծ աշխատանքի համար ու սովորեցնելու ճիշտ ճանապարհի»,- ասաց խմբակի սաներից մեկը:
Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիրքը մինչ տպագրությունը երկար ճանապարհ է անցել: Գիրքն արդեն գրված էր, երբ սկսվեց տպագրության հովանավորների երկար փնտրտուքը: Հեղինակն ու նրա աջակիցները բազմաթիվ նամակներ ու հրապարակումներ գրեցին` փորձելով բացատրել, թե որքան կարևոր է այս հրատարակությունը: Որպես գրքի տպագրության հովանավոր առաջինն արձագանքեց ՀՀ Նախագահի հովանավորությամբ իրականացվող Երիտասարդ գիտանականների աջակցության ծրագիրը.
«Ես շնորհակալ եմ հրատարակությանն աջակից բոլոր մարդկանց: Առանձնահատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանին, ի դեմս տնօրեն Հայկ Հարությունյանի, Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար, աստղագետ Արեգ Միքայելյանին, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանին և առհասարակ հրատարակմանն աջակից բոլոր մարդկանց»,- ասաց Ավետիք Գրիգորյանը:
Իր հերթին Արթուր Իշխանյանը հանդես եկավ երկու առաջարկությամբ:
«Մեզ մոտ կա գիտահանրամատչելի հաղորդումների սուր պակաս: Առաջարկում եմ դիմել Հանրային հեռուստաընկերությանն ու որպես առաջին նման հաղորդում եթեր հեռարձակել հենց Ավետիքի «Ճանաչողական բնագիտություն» հաղորդումը: Ինչու՞ հենց բնագիտական, քանի որ մեզ մոտ գիտության բնագիտական ուղղությունը հենց ամենամրցակցայիններից է: Բացի այդ առաջարկում եմ հատկապես Արցախի ու Ջավախքի բնագիտական առարկաների ուսուցիչների համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ»,- ասաց Արթուր Իշխանյանը:
Նշենք, որ «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիրքը չի հետապնդում կոմերցիոն նպատակ: Այն անհատույց տրամադրվելու է Հայաստանի, Արցախի ու Ջավախքի հանրակրթական դպրոցներին` որպես լրացուցիչ ուսումնական ձեռնարկ: