09/07/2013 17:52
«Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը»
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փոսացու Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը:
Ըստ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության՝ այսօրվա դատական նիստը անցել է լարված մթնոլորտում, տեղի են ունեցել վիճաբանություններ: Դատարանում ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, ով մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել: Նշենք, որ Հարություն Սարգսյանի մայրը մեկն էր այն երեք վկաներից, ովքեր չէին ներկայանում դատարան: Մյուս երկուսը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրն են՝ Մանյա Ղուկասյանը:
Պատասխանելով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին, թե ինչ գիտեք այս գործի առնչությամբ, Անահիտ Նիկոլյանը ասել է, թե ինքը գիտի այն, ինչ խոսում են քաղաքում, որ Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:
Ամբաստանյալի մոր այս հայտարարությունը աղմուկ է բարձրացրել դատարանի դահլիճում: Նիստին ներկա Սպարտակ Ղուկասյանի ընկերները և մի շարք երիտասարդներ սկսել են վիճաբանել, թե ինչ է խոսում կինը, որից հետո վիճաբանություն է առաջացել նրանց և Հարություն Սարգսյանի միջև:
Դատավորը ընդմիջում է հայտարարել:
«ԳԱԼԱ»-ն նշում է, որ Հարություն Սարգսյանի մայրը ասել է նաև, որ Կարեն Եսայանին սպանել են այնպես, ինչպես մի ժամանակ Վարդան Ղուկասյանի եղբայր Գևորգ Ղուկասյանի դստեր նշանածին, որից հետո Գևորգ Ղուկասյանի դուստրը՝ Անին, ինքնասպանություն գործեց, իսկ գյումրեցիներին հայտարարեցին, որ խեղդվել է գազի արտահոսքից:
Անահիտ Նիկոլյանը հայտարարել է, որ Սպարտակ Ղուկասյանը և Կարեն Եսայանը տարաձայնություններ են ունեցել, Կարեն Եսայանի պատճառով Սպարտակ Ղուկասյանը անգամ հոր հետ վիճաբանել է, նա համաձայն չի եղել, որ քույրն ամուսնանա Կարեն Եսայանի հետ: