28/10/2013 15:25
«Աշխատանքից ազատում են մարդկանց, ովքեր Հրաչ Մուրադյանի հետ կապ են ունեցել»
Վաղը Ազատության հրապարակից դեպի Նախագահի նստավայր տեղի կունենա բողոքի երթ: Երթի մասնակիցները պահանջելու են բացահայտել Պռոշյան համայնքի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետրոսյանը:
Լ. Պետրոսյանի խոսքով` գյուղում հիմա բավականին լարված մթնոլորտ է:
«Իրավիճակը հատկապես լարված է մանկապարտեզում: Ընդհանրապես հիմա գյուղում աշխատանքից ստիպողաբար ազատվում են բոլոր այն մարդիկ, ովքեր կապ են ունեցել Հրաչ Մուրադյանի հետ»,- ասաց Լուսինե Պետրոսյանը:
Ասուլիսի մյուս բանախոս` Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբան Մելանյա Առուստամյանն էլ անդրադարձավ 2010թ.-ին Հրաչ Մուրադյանի վրա կատարված մահափորձին:
«Միգուցե սպանությունը հենց այդ մահափորձի շարունակություն էր»,- ասաց Մելանյա Առուստամյանն ու ավելացրեց, որ այսօր քննությունն իր ամբողջ ծավալով ուղղակի չի աշխատում:
Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը սպանվել է այս տարվա ապրլի 2-ին` գյուղապետարանի դիմաց: Գյուղապետը ստացել է մահացու հրազենային վնասվածք: Հարուցված գործի շրջանակներում սպանություն կատարելու կասկածանքով կալանավորվել են նույն գյուղի բնակիչներ Արտակ և Արայիկ Պետրոսյանները:
Նախորդող հրապարակումներ` Հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետի դին. Հնարավոր է` նրան սպանել են
Պռոշյանի գյուղապետի գործով ձերբակալվել են Արտակ և Արայիկ Պետրոսյանները
Հ. Մուրադյանի սպանության գործով կասկածվողի դեմքի անտիմոնը կրակոցից չէր