19/12/2013 20:45
Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի գործը կքննվի արագացված կարգով
Շենգավիթ վարչական շրջանի ընդահնուր իրավասության դատարանում այսօր կայացել է Երևանի թիվ 27 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանի գործով դատավարությունը:
Ս. Սարգսյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ս. Սարգսյանը ամբողջովին փոխհատուցել է վնասը, ընդունել է մեղքը, արագացված դատաքննության կարգ է կիրառվել և հասել են դատական ճառերի փուլին: Գործով մյուս դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 25-ին:
Ըստ Սուսաննա Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2011թգ դեկտեմբերի 1-ին Հ. Ս.-ի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, համաձայն որի վերջինս աշխատանքի է ընդունվել 3 ամիս ժամկետով որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Սակայն սահմանված ժամկետը լրանալուց հետո, դպրոցի տնօրեն Ս. Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2011թգ դեկտեմբերի 1-ին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու փոխարեն, քաջատեղյակ լինելով Հ. Ս.-ի կողմից մինչ այդ իր պարտականությունները պատշաճ չկատարելու մասին, արդեն իսկ կնքված աշխատանքային պայմանագրում կեղծման եղանակով 3 ամիսը դարձնելով 6 ամիս, իր աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած Հ. Ս.-ի անվամբ դուրս գրված ընդհանուր գումարով 542.300 ՀՀ դրամ աշխատավարձը անձամբ 02.04.2012թ.-ից մինչև 07.09.2012թ.-ն ընկած ժամանակահատվածում, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատներից կանխիկացնելու եղանակով յուրացրել է, որով պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:
Այսինքն, Ս. Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ս. Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 01.09.2011թ. աշխատանքային պայմանագիր է կնքել Մ. Բ.-ի հետ, նրան ներառել 2011-2012թթ. տարիֆիկացիայում որպես հավաքարար, սակայն իր աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած Մ. Բ.-ի անվամբ դուրս գրված 557.000 դրամ աշխատավարձն անձամբ 17.10.2011թ.-ից 02.03.2012թ.-ն ընկած ժամանակահատվածում «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատներից կանխիկացնելու եղանակով յուրացրել է, որով պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:
Այսինքն, Ս. Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Բացի այդ, ըստ մեղադրանքի Ս. Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 09.09.2011թ. աշխատանքային պայմանագիր է կնքել Ս. Հ.-ի հետ որպես գիշերային պահակ, այնուհետև 05.03.2012թ և 04.09.2012թթ. աշխատանքային պայմանագրերով որպես հավաքարար ներառել է 2011-2012թթ., 2012-2013թթ. տարիֆիկացիաներում, նրա անվամբ դուրս գրված խոշոր չափերի 865.000 ՀՀ դրամ գումարն անձամբ 21.10.2011թ.-ից մինչև 03.10.2012թ.-ն ընկած ժամանակահատվածում «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող բանկոմատից կանխիկացնելու եղանակով յուրացրել է, որով պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:
Այսինքն, Ս. Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ս. Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, որդու Վ. Մ.-ի կնոջը՝ Ս. Ք.-ին աշխատանքով ապահովելու նպատակով, նրան ներառել է 2012թ. տարիֆիկացիայում որպես գործավար և վերջինս իր աշխատանքային պարտականությունները 14.05.2012թ.-ից մինչև 01.11.2012թ. փաստացի չկատարելով ստացել է 252.133 դրամ աշխատավարձ, որով պետությանը պատճառվել է զգալի չափերի գույքային վնաս:
Այսինքն, Սուսաննա Հրանտի Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախորդող հրապարակում՝ Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին