28/01/2014 11:32
Լրագրողի նոթերից. Հայրենիքի ու զինվորի մինուճարության մասին
Երբ փոքր էի, պապս միշտ ասում էր, որ ինձ ամենաշատն է սիրում: Հարցնում էին՝ ինչո՞ւ. Հայկական ավանդական ընտանիքում ինչպե՞ս եղավ, որ բոլոր տղա թոռների մեջ՝ պապս ինձ էր սիրում: Պապս միշտ պատրաստի պատասխան ուներ՝ մինուճար է: Ես մինուճար էի՝ ցեղի միակ աղջիկը, ու ինձ բաժին էր հասնում բոլորի սերը, ուշադրությունն ու քնքշանքը:
Երբ եղբայրս զորակոչվեց բանակ, ամեն ինչ փոխվեց. հիմա մինուճարն ինքն էր, որովհետև զինվորը միշտ մինուճար է, միշտ, միշտ, միշտ… Բանակը թիվ ու վիճակագրություն չէ, բանակը մինուճարների ամբողջություն է, որտեղ չափման միավորը պիտի լինի զինվորը՝ ՄԵԿԸ, մի հատիկը:
Հետո եղբայրներս մեկը մեկի հետևից գնացին բանակ ու բանակն եկավ մեր տուն՝ իր կենցաղով, օրենքներով ու հոտով՝ զինվորի հոտով: Մինչև հիմա էլ լեփ-լեցուն երթուղայինում կամ սրահներում հազար հոտի մեջ գտնում եմ զինվորին:
Ավագ գործընկերներիցս մեկը գրել էր՝ Հայրենիքն ուրիշ ոչ մի տեղ այդքան չես զգում, որքան զինվորի կողքին՝ սահմանի վրա: Որովհետև սահմանի վրա միայն թշնամին չէ, սահմանի վրա կյանքն ու մահն է, ճիշտն ու սխալը, կարևորն ու անկարևորը: Սահմանի վրա կշեռքի նժարները չեն տատանվում, սահմանի վրա ամեն ինչ հստակ է:
Այս ամիսը բարդ էր՝ երևի ամենաբարդերից: Զինվորներ կորցրինք, ու էտ զինվորների չափով էլ հայրենիք գտանք: Իմ իմացած հայրենիքը զինվորն է: Իմ իմացած հայրենիքը ՄԻՆՈՒՃԱՐ է:
Հ.Գ. Այսօր Հայաստանի Հանրապետության բանակի ու Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է:
Նախորդող հրապարակումներ`Լրագրողի նոթերից. Մայիս 9. Արցախի, Գոռի ու զինվորական կոշիկների մասին
Լրագրողի նոթերից. Ուրիշի երկրի, սեփական տան ու թվագրվածի բարդույթի մասին
Լրագրողի նոթերից. Սահմանի, զինվորի ու տունը տաք պահող մարդկանց մասին
Լրագրողի նոթերից. Սեդա. Զինվորի կինը
Լրագրողի նոթերից. Տան ու այն տեղի մասին, որ կոչվում է իրական