20/02/2014 21:00
865+1. Վարդենիկ. «Մեզ մենակ քաղաքի կոչումն է պակասում»
Վարդենիկ: Նախկինում՝ Գյոզալդարա: Հայաստանի ամենամեծ գյուղն է: 3200 տնտեսություն, 10 հազարից ավելի բնակչություն: Բնակչության ճնշող մեծամասնություը ալաշկերտցի է: Երևանից այս գյուղ հասնելու համար պետք է անցնել մոտ 143 կիլոմետր:
Aysor.am-ի 865+1 շարքի հերթական նյութը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մասին է:
«Մեզ մենակ քաղաքի կոչումն է պակասում»
Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանը կատակում է. «Մեզ մենակ քաղաքի կոչումն է պակասում: Համեմատելու համար եմ ասում. Ճամբարակի ողջ տարածաշրջանը 7 հազար բնակիչ ունի»:
Գյուղն ունի 1 ավագ, 2 հիմնական դպրոց, 1 երաժշտական դպրոց, մանկապարտեզ, բուժհաստատություն, մշակույթի տուն, 2 եկեղեցի: Վարդենիկն աչքի է ընկնում համայնքային ակտիվությամբ: Համայնքն ընդգրկված է «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայում», ինչպես նաև՝ միջհամայնքային միավորման անդամ է: 2010 թ-ին Վարդենիկը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության լավագույն համայնքներից մեկը:
Լուսանկարը՝ «Համայնքային Զարկերակ» ՀԿ-ի
Դժվար է հավատալ, որ 10 հազար բնակիչ ունեցող գյուղը մինչև 1828 թվականն անմարդաբնակ է եղել
Պատմական վկայությունների համաձայն՝ Շահ Աբասը ժամանակին հիմնահատակ ավերել է այս գյուղը ու այն մինչև 1828թ-ը եղել է ամայի ու անմարդաբնակ:
1828 թ-ին Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից գաղթած հայերը հանգրվանում են այժմյան Վարդենիկի տարածքում: Արդեն 1863թ-ին գյուղում հիմնվել և գործել է պետական ծխական դպրոց, որը շատ հայտնի է եղել և որտեղ, բացի տեղի բնակիչներից, կրթություն են ստացել նաև հարևան գյուղերի բնակիչները:
Գործարաններն ու նախկինում եղած աշխատատեղերը վաղուց չկան, բայց գյուղացիներն անգործ չեն
«Մեծ համայնք է, ու ինչքան մեծ, էնքան խնդիրները շատ, բայց ամեն հարց էլ իր լուծումն ունի, կամաց-կամաց»,- ասում է գյուղապետը:
Գյուղի հիմանական խնդիրը աշխատատեղերն են. գործարաններն ու նախկինում եղած աշխատատեղերը վաղուց չկան, բայց գյուղացիներն անգործ չեն. Հիմնական զբաղմուքնը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է, կան մարդիկ, ովքեր սեփական աշխատատեղերն են ստեղծել.
«Փոքրիկ ֆերմերային տնտեսություններ կան, դռների,պատուհանների արտադրամաս, հացի արտադրամաս, առևտուր են անում»,- ասում է գյուղապետը՝ հավելելով, որ, իհարկե, սրանք փոքրիկ բիզնեսներ են, ու գյուղի մեծ մասին այստեղ ներգավելու հնարավորություն չկա:
Ինչպես Հայաստանի շատ գյուղերից, Վարդենիկից էլ արտագնա աշխատանքի մեկնողներ շատ կան, բայց գյուղապետը առանձնահոտւկ շեշտում է մի փատ.
«Մերոնք չեն արտագաղթում: Արտագնա աշխատանքի մեկնողներ շատ կան, մի քանի ամսով գնում են հետո հետ են գալիս»,-ասում է գյուղապետն ու հավելում, որ գնալու համար միշտ մի պատճառ կարող ես գտնել. «Շատ տարիներ առաջ, երբ որ գործարան էլ կար, աշխատատեղել էլ կար, եղան մարդիկ, որ գնացին»:
Վարդենիկը Հայաստանի այն եզակի գյուղերից է, որտեղ նոր թաղամասեր են կառուցվում
Ռուսաստանի դաշնության Չելյաբինսկ, Տյումեն և Պերմ քաղաքները հայրենիքից դուրս վարդենիկցիների հիմանական բնակատեղին են: Արդեն 2 տասնամյակից ավելի գյուղից հեռացած վարդենիկցիները չեն կտրում գյուղի հետ կապը: Գյուղապետի խոսքով, գյուղում շատ ծրագրեր կյանքի են կոչվում հենց դրսի համագյուղացիների ջանքերով. ասֆալտապատում, շինարարություն, գյուղի լուսավորություն: Բոլոր հարցերում նրանք համայնքի կողքին են:
Վարդենիկը Հայաստանի այն եզակի գյուղերից է, որտեղ նոր թաղամասեր են կառուցվում: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին հատկապես գյուղացիները հազվադեպ են շինարարություն սկսում, բայց Վարդենիկում մի քանի նորակառույց թաղամաս կա:
Գյուղապետին այս թաղամասերի հետ կապված մի հարց է անհանգստացնում. դրանք դեռ գազաֆիկացված չեն: Նրա խոսքով՝ գյուղի 80 տոկոսը գազ ունի, մնում է նոր թաղամասերի գազի հարցը լուծել: Ինչ վերաբերում է խմելու ջրին, այստեղ էլ մի փոքր խնդիր կա. գյուղի գրեթե կեսում ջուրը տալիս են օրվա որոշակի ժամի, հետո անջատում. «Հույս ունենք, որ մի օր էս հարցն էլ կլուծենք»,- ասում է Հովհաննես Հովեյանը:
«Հիմա, որ ասեմ՝ մեր երեխեքը լավն են, կասեք իրենցն է, ասում է»
«Հիմա, որ ասեմ մեր երեխեքը լավն են, կասեք՝ իրենցն է, ասում է»,- դպրոցների մասին հարցին պատասխանում է գյուղապետն ու ավելացնում, որ մարզպետարան հարցում անեմ. «Ձեզ կասեն, թե ինչ ակտիվ են մեր երեխեքը»: Վարդենիկցի դպրոցականները ակտիվ մասնակցում են հանրապետական դպրոցական օլիպիադաներին, շրջանավարտների մեծ մասը բուհ է ընդունովում: Իսկ ամենաշատը հպարտանում են իրենց զինվորներով. «Լավ ծառայության համար պատվոգրեր են ստանում, երբեմն՝ կարճատև արձակուրդ»:
Լուսանկարը՝«Վարդենիկ» բլոգից
«Բոլոր տոները հատուկ նշում ենք»
Թեև կլիմայի առանձնահատկություններից ելնելով, Վարդենիկում շատ քիչ մրգեր են աճում ու բերքահավքն էլ կապված է, հիմանկանում, կարտոֆիլի ու հացահատիկի հետ, բայց սա չի խանգարում ամեն տարի մեծ շուքով «Բերքի տոնը» նշել:
«Աշխատում ենք բոլոր տոները նշել՝ Մայիսի 9, Անկախության տոն, Վարդավառ, Բերքի տոն»,- ասում է գյուղապետը՝ հավելելով, որ առաջիկայում Մարտի 8-ն են նշելու:
Լուսանկարը՝ «Համայնքային Զարկերակ» ՀԿ -ի
Գյուղի հյուրերի համար հատկապես հետաքրքիր կլինի, եթե նրանք գյուղ գան տոներին, բայց տարվա մյուս օրերին էլ վարդենիկցիները նրանց ցույց տալու բաներ կգտնեն. գյուղում պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ խաչքարեր կան ու կիկլոպյան ամրոց: Բացի այդ, կարելի է Իշխանաց վանք գնալ, կամ վանքի ձոր, որտեղով հոսում է Վարդենիկ գետը:
«Ամենակարևորը՝ հյուրասիրությունն է, որի պակասը Վարդենիկում հաստատ չեք զգա»,- եզրափակում է Հովհաննես Հովեյանը:
Նախորդող հրապարակումներ՝ 865+1. Նռնաձոր. Հայաստանի ամենահեռավոր գյուղը մոտ է դատարկվելուն