27/02/2014 20:58
865+1. Քաշունի. Հայաստանի ամենափոքր գյուղը. «Էլ 27 չենք, արդեն՝ 24»
Քաշունի: Նախկինում՝ Մալդիշ: Գյուղում 24 մարդ է ապրում: Երևանից Քաշունի հասնելու համար պետք է անցնել 291 կիլոմետր: Գյուղի բնակիչները, հիմանակնում, այստեղ են տեղափոխվել հարևան Տանձատափ գյուղից:
Aysor.am-ի 865+1 շարքի հերթական նյութը Սյունիքի մարզի Քաշունի գյուղի մասին է:
Դեռ երկու տարի առաջ Սյունիքի մարզի Քաշունի համայնքը 27 բնակիչ էր ուներ. այդպես նշված է նաև պաշտոնական աղբյուրներում, բայց գյուղապետ Գառնիկ Հակոբյանը վերջին լուրերն է հայտնում գյուղից.
«Էլ 27 չենք, արդեն՝ 24»
Գյուղապետը վսատհ է, որ շուտով այս թիվն էլի փոխվելու է. «Մի նախադպրոցական տարիքի երեխա ունենք, որ երեխայի դպրոց գնալու ժամանակն եկավ, հերն ու մերը կվերցնեն, կգնան»:
Գյուղը դպրոց չունի: Ամենամեծ ցանկության դեպքում էլ երեխաների ծնողները գյուղում մնալ չեն կարող. մոտակա գյուղը Քաշունիից մոտ 15 կիլոմետր հեռու է.
«Ու հարցը հեռուն չի, ո՞նց գնանք: Սկի մի հատ հեծանիվ չունենք է, ոչ մի մեխանիզմ ու փոխադրամիջոց»,- ասում է գյուղապետն ու ավելացնում, որ Աստված չանի՝ մեկը վատանա. «Տաքսի եմ զանգում, աղաչում, կրկնակի փող խոստանում: Որ չի էլ գալիս, կողքի գյուղերից ծանոթ-բարեկամների, ում ասես զանգում ենք, որ մարդուն հիվանդանոց հասցնենք»:
Քաշունին բուժկետ ունի, միայն թե այն դատարկ է. ո՛չ աշխատող կա, ո՛չ դեղորայք, ո՛չ սարքավորում
Գառնիկ Հակոբյանը չի հիշում՝ վերջին անգամ երբ է իրենց գյուղում շենք կառուցվել. «Շենքն ի՞նչ են անում, որ նոր ընտանիք չկա: Սկի չենք հիշում վերջին անգամ երբա հարսանիք եղել»,- ասում է գյուղապետն ու կողքի կանգնածներից հարցնում. «Համոյիի հարսանիքը ե՞րբ էր»:
«Հենա, ասում են՝ 10 տարի առաջ: Տո այ ցավդ տանեմ, որ լինի էլ, ստեղ չեն անի. գնում են Գորիս, Կապան ընդեղ են անում»:
Գյուղապետն ասում է՝ երկու օր առաջ էլի խոսակցություններ են եղել իրենց գյուղը մի քանի այլ գյուղերի միացնելու մասին. «Այդպես ավելի լավ չի՞ լինի»,-հարցնում եմ:
«Գյուղը կվերանա, հոգսը՝ չէ»,- պատասխանում է Գառնիկ Հակոբյանը:
Ափսոս են հողատարածքները. ոչ մի բանի չեն ծառայում
Իսկ հոգս՝ ինչքան ասես. «Ամենառաջինը մեր ճանապարհների ու փոխադրամիջոցի, հետո ջրի, գազի, կապի հարցնա: Չնայած գազի մասին չենք էլ երազում, սկի Տաթևը չունի»:
Քաշունիում անգամ խանութ չկա. «Ամեն մարդ իրա ամսվա հաշվակը անումա, գնումա Գորիս, կամ բարեկամներն են գալիս, բերում են եղածը, մինչև մյուս ամսվա թոշակ կամ նպաստ ստանալը: Մեկ-մեկ էլ «ՉՊ» լինում, երբ որ անսպասելի հյուրեր են գալիս (ծիծաղում է. հեղ): Չնայած էտ էլ ենք հաշվարկում. ես հաշվարկում եմ ու միշտ հոգեպահուստ ունեմ»:
Իսկ թոշակն ու նպաստ գյուղ է տանում փոստատարը՝ գյուղի մշտական հյուրը:
«Ես որ սենց ասում եմ, չվախենք, որ գալու լինեք, ձեզ հյուրասիրելու բան կգտնվի: Մարդիկ ուրախ կլինեն, իրենց տներում տեղ կտան ձեզ, իսկ եթե չուզեք 800 հեկտար տարածք ա, վրան կխփենք»,- ասում է Գառնիկ Հակոբյանը ու պատմում, որ ափսոս են հողատարածքները, որոնք ոչ մի բանի չեն ծառայում.
«Էս դարում կապի միջոց չունենք»
«Ասենք, մեր ունեցած 12 գլուխ խոշոր եղջերավորի համար ձմռան անասնակեր ենք քաղում, էտ ա: Ո՛չ ջուր կա, ո՛չ տեխնիկա. չեն մշակում»:
Քաշունեցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու մեղվապահությունն է: Մի քանի հեկտար էլ հացահատիկ են աճեցնում, թեև գյուղի ջրաղացն էլ վաղուց չկա: Առաջ ալյուրը գյուղում էին ծեծում, հիմա եթե ցորեն կա, էլի կողքի գյուղերում:
«Ասում եք՝ պրոբլեմ. էս դարում կապի միջոց չունենք: Ասենք՝ ես մի քանի ալիք բռնել, նայում եմ, բա՞ մնացածը: Մարդ կա՝ հեռախոս էլ չունի: Հիմա էտ ինչ-որ գրեք, ես չեմ կարա տենամ, բայց ինչ էլ գրելու լինեք, ասեք՝ մեր գյուղին գոնե մի հեծանիվ ուղարկեն»,- եզրափակում է Քոշունիի 76-ամյակը բոլորած գյուղապետը, որն այս պաշտոնում է արդեն 18 տարի:
Նախորդող հրապարակումներ՝
865+1. Վարդենիկ. «Մեզ մենակ քաղաքի կոչումն է պակասում»
865+1. Նռնաձոր. Հայաստանի ամենահեռավոր գյուղը մոտ է դատարկվելուն