11/03/2014 13:38
Յանուկովիչ. Եկել եմ ասեմ՝ ողջ եմ, բայց ինձ լավ չեմ զգում
Քիչ առաջ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն արեց իր խոստացված հայտարարությունը: Յանուկովիչը նախ հայտնեց, որ ողջ է ու ավելացրեց՝ «բայց այնպես չէ, որ ինձ լավ եմ զգում».
«ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ, Ուկրաինայում իմ մասին բազմաթիվ բամբասանքներ են տարածվում: Ուզում եմ ասել՝ ես ողջ եմ: Չեմ կարող ասել, որ ինձ լավ եմ զգում, քանի որ Ուկրաինայում տեղի ունեցողին չեմ կարող նայել առանց ցավի: Մեր երկրում այսօր նեոֆաշիստներն ու ազգայնականներն են աշխատում: Նրանք գրավում են Տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքները վերհսկում են նրանց մարդիկ՝ տարօրինակ թևկապներով: Եվ պիտի ասեմ, որ այդ մարդիկ ուզում են քաղաքացիական պատերազմ սկսել, ազգայնական ծայրահեղական խմաբավորումներին զենք տալ: Ես ուզում եմ դիմել այդ մութ ուժերի արևմտյան հովանավորներին, ուզում եմ ասել՝ դուք կուրացե՞լ եք, մոռացե՞լ եք ինչ բան է ֆաշիզմը»,- ասաց Վիկտոր Յանուկովիչը:
Նա, ինչպես և նախորդ անգամ հայտարարեց, որ Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահն է և նրան ոչ մեկ պաշտոնանկ չի արել.
«Ընդ որում, ես ոչ միայն միակ լեգիտիմ նախագահն եմ, այլև՝ գերագույն գլխավոր հարամանատարն եմ: Միացյալ Նահանգների ղեկավարությունը պնդում է, որ ես փախել եմ երկրից: Ես կրկնում եմ՝ ոչ մի տեղ չեմ փախել: Պետական հեղաշրջման օրերին ես իմ երկրում էի՝ Ղրիմում էի, Խարկովում: Իմ դեմ այդ օրերին ահաբեկչական գործողություններ էին իրականացվում: Համոզված եմ՝ քիչ մնաց սպասել, ես հետ կգնամ Ուկրաինա»,- ասաց Յանուկովիչն ու անդրադարձավ ԱՄՆ այն հայտարարությանը, որի համաձայն այդ երկրին Ուկրաինային 1 մլդ դոլար կտրամադրի՝ տնտեսության վերականգնման նպատակով.
«Միացյալ Նահանգներն այդ 1 մլդ դոլարը տրամադրել են ավազակային ռեժիմին և դա հակասում է իրենց իսկ սահմանադրությանը: Այդ հարցով ես կդիմեմ ԱՄՆ Կոնգրես, Սենատ և Գերագույն դատարան, որ այս մարմինները գնահատական տան այդ երկրի ղեկավարության որոշմանը: Իսկ Ուկրաինայում իշխանությունը գրավածներն, ովքեր հրաման են տվել կրակել մարդկանց վրա, վաղ թե ուշ, իսկ ամենայն հավանականությամբ շատ վաղ՝ պատասխան են տալու»,- ասաց Վիկտոր Յանուկովիչը.
«Ще не вмерла України і слава, і воля (դեռ չի մահացել Ուկրաինան, և՛ փառքը, և՛ կամքը)»,- Ուկրաինայի ազգային օրհներգի առաջին տողով ավարտեց իր հայտարարությունը Վիկտոր Յանուկովիչը: Նշենք, որ լրագրողները նրան հարց տալու հնարավորություն չունեցան:
Նախորդող հրապարակում՝ Յանուկովիչ. Շարունակելու եմ պայքարել Ուկրաինայի ապագայի համար