17/03/2014 12:02
«Կիսալուսնի Ծովածոցը». Նոր հայկական ֆիլմ՝ Վիլյամ Սարոյանի մոտիվներով
«Parallels Film» անկախ կինոընկերությունը, «Sharm Pictures»-ը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոր ֆիլմ են նկարահանել: Այս մասին տեղեկացնում է «Sharm Pictures» ընկերությունը: Ֆիլմը կոչվում է «Կիսալուսնի Ծովածոցը» և հիմնված է Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա: Չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի Ծովածոց կոչվող մտացածին քաղաքում: Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին` ֆիլմի հիմնական առանցքն է: Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում` հասկանալու կարողությունը:
Ֆիլմի օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը, հնչունային ռեժիսորը` Լևոն Նավասարդյանը: Ֆիլմում օգտագործված է «Come on-a my house» երգը` Վիլյամ Սարոյանի խոսքերով, Ռոսս Բաղդասարյանի երաժշտությամբ, որում հնչում է Սարոյանի ձայնը: Ֆիլմի պրոդյուսերներն են` Հովհաննես Գալստյանը, Գևորգ Գևորգյանը, Կարեն Ղազարյանը:
Մարտի 27-ից «Կիսալուսնի Ծովածոցը» ֆիլմը կցուցադրվի երևանյան կինոթատրոններում: