08/04/2014 12:31
10 նշանավոր հայոց թագուհիները` մի գրքում
Տեղի է ունեցել պատմաբան Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում հայոց պատմության ընթացքում առավել նշանակալի դեր խաղացած 10 թագուհիներին` պատմությունը սկսվում է Արա Գեղեցիկի տիկնոջ` Նվարդ թագուհուց, այնուհետև ներկայացված է Տիգրան Երվանդյանի կինը` Զարուհին, Արտաշեսյան դինաստիայի թագուհի Էրատոն, Արտաշեսյան տոհմից հանրահայտ Փառանձեմ թագուհին, Բագրատունիներից Խոսրովանուշը, Կատրանիդե 2-ը, Վասպուրականի Արծրունյաց արքայատոհմից Մլքե-Թամար թագուհին, Սյունյաց Շահանդուխտ թագուհին, Կիլիկյան թագավորությունից Զաբել 1-ը և Կեռան թագուհիները: Գրքի հավելվածում ներկայացված են հայոց պատմությանը հայտնի 65 թագուհիներին:
«Զանգակ» հրատարակչության հետ համատեղ պատմաբանը սկսել է հայոց պատմության կարևորագույն իրադարձություններին ու դեմքերին նվիրված մատենաշար, և ներկայացված գիրքը 3-րդն է: Նախ հրատարակվել է «Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրեր», հետո` «10 հայ ականավոր արքաներ» գիրքը:
Aysor.am-ի հետ զրույցում Արտակ Մովսիսյանը կարևորեց նոր սերնդին հայոց պատմության մեծ և ուսանելի կերպարների օրինակով կրթելը: «Գիրքը հայագիտական քարոզչություն է, ի դեպ, որը կաղում է մեզնում և որը կարելի է լրացնել նաև անդրադարձ կատարելով հայոց պատմությանը: Թագուհիների մասին գիրքը, նաև մատենաշարի գրքերը ներկայացված են հանրամատչելի ձևով»,- ասաց պատմաբանը` հավելելով, որ հայոց արքաների մասին բավականին տեղեկատվություն կա, իսկ թագուհիները հայոց պատմության էջերում քիչ են լուսաբանված:
Արդյոք հայագիտական գրքերը, մասնավորապես մատենաշարի գրքերը հետաքրքրությւոն են առաջացնում ընթերցողների շրջանում հարցին, Ա. Մովսիսյանը պատասխանեց, որ Գիրք նվիրելու օրը Ֆեյսբուքյան միջոցառման ժամանակ «10 հայ ականավոր արքաներ» գիրքը ճանաչվել էր ամենապահանջվածը, և կարծում է, որ մատենաշարը ծառայում է իր նպատակին:
Իսկ ինչո՞ւ հատկապես առանձնացվել են ներկայացված 10 թագուհիները հարցին, ասաց, որ 10 թագուհիները նշանակալից դերակատարում են ունեցել պատմության մեջ, նաև այս թագուհիների մասին զգալի նյութեր կային, որն էլ ներկայացվել է:
Պատմաբանը շեշտեց, որ կանայք միշտ էլ հայ իրականության մեջ կարևոր դերակատարում են ունեցել, կանայք միշտ էլ գնահատված և կարևոր են եղել և այդպիսին է նաև այժմ:
Հայագիտական մատենաշարը շարունակելի է: