24/04/2014 16:04
Քեսաբի քաղաքապետ. Թուրքը թուրք է մնում նաև մեր ժամանակաշրջանում
Մենք Քեսաբի մասին ստույգ տեղեկություններ չունենք, բոլոր քեսաբցիները տեղահանված են: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեսաբի քաղաքապետ Վահագն Չափարյանը:
«Ամբողջ Քեսաբում չգիտենք, թե ինչ վիճակ է, որովհետև բոլորը տեղահանված են և Լաթաքիայում իրենց ազգականների մոտ են բնակվում: Հիմա իրենց մոտ սպասողական վիճակ է, և շատ կարևոր է, որ իրենք այդ ընթացքում չկորցնեն իրենց հույսը, որ կվերադառնան իրենց երկիր»,- ասաց նա:
Վ. Չափարյանի խոսքով՝ այս դեպքը նորից հիշեցնում է, որ տարբեր ժամակներում և քաղաքական դրվածքներում նույն ցեղասպանները կարտարում են իրենց ոճիրը և, որ Օսմանյան կայսրության ժառանգորդներն են թուրքերը, իրենք իրենց հայաջինջ քաղաքականությունը որդեգրել են նաև մեր ժամանակաշրջանում՝ բոլոր քաղաքակիրթ ազգերի աչքերի առաջ:
«Սա մեծ անարդարություն է քեսաբահայության նկատմամբ, և մենք մեր պահանջատիրության մեջ պիտի մնանք կայուն: Այսօրվա մեր վիճակը ողբերգական չեմ ուզում համարել, վերաշինության հնարավորություններ կան»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ Քեսաբի դեպքերը պետք է դիտել համընդհանուր սիրիական դեպքերի ենթատեքստում:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում:
Նախորդող հրապարակում՝ Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Քեսաբի վրա իրականացված հարձակումը