22/05/2014 18:51
Փաստաբան. Գոռ Առաքելյանը մի քանի անգամ ասել է՝ թողեք երեխայիս հանեմ վերև
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը անհիմն կերպով է կալանավորվել:
«Կալանավորման հիմքում դրել են այն, որ նա չխոչնդոտի նախաքննությանը, սակայն գործով բոլոր վկաներին հարցաքննել են, և անհասկանալի է, թե ինչի՞ն է նա խոչընդոտելու և որտեղ է այն հիմքը, որ կխոչնդոտի: Մարդը կամովին ներկայացել է ոստիկանություն, իսկ ուղղակի վերացական ասել, որ կխոչնդոտի, չի բխում գործող օրենսդրությունից»-ասաց նա:
Ե. Սարգսյանի խոսքով՝ Գ. Առաքելյանին առաջադրված մեղադրանքն էլ չի հիմնավորված չէ:
«Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ իրավունք չունեմ վերլուծելու ապացույցները, սակայն քննչական մարմինը պարտավոր է հիմնավորել հիմնավոր կասկածի առկայությունը: Կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը անհիմն է, որովհետև սպանության փորձի մասին խոսք չկա և ակնհայտ է, որ անձը սպանելու դիտավորություն չի ունեցել: Միայն կարող եմ ասել, որ բացարձակապես այլ իրադրության և այլ հացակազմի մասին է խոսքը: Եվ այն, որ լրատվամիջոցներով էլ հայտնել են, որ կրակոցը գոտկատեղից ներքև է եղել, ապացուցում է այս: Մեղադրանքում էլ է այդպես՝ եթե մարդիկ դեմ-դիմաց կանգնած վիճաբանում են, նա կարող էր գլխին կրակել, ոչ թե ոտքերին: Հասարակ տրամաբանությունը ասում է, որ խոսք չի կարող լինել սպանության մասին, իսկ եթե մյուս ապացույցներն էլ նայենք, բացարձակապես այլ բանի մասին է խոսքը»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր վիճաբանության մասնակից երիտասարդների փաստաբան Վարդուհի Էլբակյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր. «Ամեն դեպքում ներկայացված ոչ մի բանը իրականությանը չի համապատասխանում: Տպավորություն են ուզում ստեղծել, որ հենց այնպես ծեծել են ու ջարդել: Իհարկե, քաշքշոց եղել է, սակայն ոչ այնպես, ինչպես ներկայացնում են: Իրականում, Վալերին և Նորայրը մեքենան կայանել են և մտել շենք: 20 րոպե հետո իջել են և ասել, որ «անցած լինի, բոլորիս հետ էլ պատահում է», սակայն Գոռը սկսել է հետները վիճել և կրակել է»:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ իր համար անհայտ է, թե Վարդուհի Էլբակյանը որտեղից է նման տեղեկատվություն ստացել, քանի որ երեկվա դրությամբ նրանք այս գործով կարգավիճակ չունեին, հետևաբար, նրանք չէին կարող ծանոթանալ գործի նյութերին:
«Օրենքով սահմանված կարգով՝ ես դատարանում ծանոթացել եմ ականատես վկաների ցուցմուքներին, որ երբ Գ. Առաքելյանի հետ վիճաբանություն է եղել, նա բազմիցս կրկնել է՝ երեխայիս թողեք հանեմ վերև, եթե անձը նման բան է ասում, երևում է, որ նա փորձում է խուսափել վիճաբանությունից: Իսկ պատահական տուժողների մասով՝ որևէ մեկին վնասելու դիտավորություն չի եղել»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ դեպքի տեսագրություններ կան, փաստաբանը պատասխանեց. «Մենք տեսագրություն չենք տեսել դեռևս»:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր 5 մարդ: Արդեն այսօր կրակոցները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոռ Աառաքելյանը, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:
Գ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին Մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախորդող հրապարակում՝ Վերնիսաժի մոտ կրակոցների գործով որևէ մեկին մեղադրանք դեռ չի առաջադրվել