03/06/2014 16:40
Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավճիռը կայացվել է դատավարությունից առաջ
Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դ. Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, սակայն այսպես շարունակվելու դեպքում ինքը կմիջնորդի նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ:
Դ. Խաչատրյանի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ ինքը եղբորը վերջին անգամ տեսել է վերջին դատական նիստից առաջ, իսկ վաղն էլ պատրաստվում է նրա մոտ բժիշկներ տանել, քանի որ ՔԿՀ-ում բժիշկներ չկան:
Նա ասաց, որ իրենք դիմում էին գրել նաև Պաշտպանության նախարարին ու բոլոր պատկան մարմիններին, սակայն որևէ արձագանք չեն ստացել դեռևս:
Անդրադառնալով դատավարությանը՝ փաստաբան Ե. Սարգսյանը ասաց, որ դատարանի կողմից տարբերակված մոտեցում է նկատում իրենց նկատմամբ:
«Դատավճիռը կայացվել է դատավարությունից առաջ, երբ Լյուքսի հարազատները նրա դիակը Երևան բերելու սպառնալիքով պահանջեցին, որ խիստ պատիժ լինի: Նրանք այդ ժամանակ նամակ էին գրել Պաշտպանության նախարարին և պահանջել 18-20 տարվա ազատազրկում: Սակայն հրամանատարը դատարանում հարցաքննության ժամանակ ասաց, որ իրենք որևէ զինվոր չունեն, որ կարողանար նման դիրքից կրակեր: Դավիթը իր ցուցմունքում հայտնել է, որ իջեցրել է զենքը, սակայն վախեցնելու, այլ ոչ թե կրակելու մտադրություն է ունեցել, այն պատահաբար դիպել է իր պայուսակին: Իհարկե, նա անգամ չլիցքավորված զենքը իրավունք չուներ պահել որևէ մեկի վրա, սակայն սա այլ հոդվածով պատասխանատվություն է նախատեսում, այն է՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտումը, որը անզգուշությամբ մահ է առաջացրել»,-ասաց նա, նշելով, որ մեծ ակնկալիքներ չունի, քանի որ, երբ դատարանում տուժող կողմը իր հասցեին վիրավորանքներ է հնչեցրել, դատավորն ու դատախազը, որոնք ներկա են գտնվել, ասում են, որ ոչինչ չեն տեսել, իսկ դատախազությունը մերժել է իր դիմումը այդ միջադեպի առնչությամբ:
Հիշեցնենք, որ ըստ Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակ իռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Նախորդող հրապարակում՝ Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատախազը 18 տարի ազատազրկում պահանջեց
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողին հիվանդանոց են տեղափոխել
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողի վիճակը կտրուկ վատացել է