17/06/2014 19:51
Հարսնաքարի գործ. Գարիկ Մարգարյանի մայրը ուզում էր ինքնասպան լինել
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների հարազատները պատրաստ են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե Վերաքննիչ դատարանը չբեկանի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը:
Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է ապրել ցանկացած երկրում՝ բացի Թուրքիայից և Ադրբեջանից, քանի որ չի ուզում դավաճանել հայրենիքը:
«Ես հո իրենց նման դավաճան չեմ, դավաճանը իրենք են, որ բոլորին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման: Էս երկրում ո՞նց արդարություն ուզեմ, եթե Սուրիկ Խաչատրյանի տղային ազատեցին, Վերնիսաժում մարդկանց վրա կրակեցին, ես համոզված եմ, որ իրանց էլ են արդարացնելու, հարբած ռազմական բժիշկները մտել են հոսպիտալ ու ծեծել են զինվորներին, ու՞ր ա էդ հասարակությունը, ինչի՞ չի ձայնը բարձրացնում: Էս երկրում ո՞նց արդարություն պահանջեմ, եթե 2 Արմանները ընդհանրապես ընդեղ չեն եղել, բայց իրանց էլ 12 տարով դատապարտեցին: Եթե տղաս մեղավոր լիներ, ես կասեի՝ թող դատեն, բայց թող ամեն մեկին դատեն իրանց արածի համար»,-ասաց նա:
Ն. Մարգարյանը ասաց, որ դատարանների հետ մեծ հույսեր չի կապում, քանի որ առաջին ատյանի դատարանը «ամբաստանյալների ցուցմունքները արժանահավատ չի համարել, բայց 6 անգամ ցուցմունք փոխած տուժածների խոսքերը արժանահավատ է համարել»:
«Ես ուզում էի ինքնասպան լինեի, երբ որ իմացա, որ Գարիկիս 12 տարով ազատազրկել են, բայց տղես դատարանում խնդրեց ինձ, որ չանեմ դա, քանի որ իրա միակ հույսը ես եմ, ասեց, ես մենակ քեզ ունեմ: Թող գան, տեսնեն իմ պայմանները, ո՞նց եմ ապրում մի հատ խցում, աման եմ լվանում, որ որդուս կարողանամ ուտելիք տանեմ»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի» գործով պաշտպան. Դժգոհ են, թե՛ տուժողները, թե՛ ամբաստանյալները
«Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ միջադեպի առթիվ՝ քրգործ
«Մեր պահանջն է, որ «Հարսնաքարի գործով» ամեն մեկը իր արածի համար պատասխանի»