30/06/2014 15:54
Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը վերսկսվել է
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը որոշում է կայացրել վերսկսել Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը:
Մեղադրողը հրապարակեց ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ կազմած արձանագրությունը, իսկ Վ. Ավետիսյանի պաշտպանը հարցրեց, թե արդյո քդա ինչ կապ ունի իր պաշտպանյալի հետ:
Դատավորը խոսքի հնարավորություն տվեց Վ. Ավետիսյանին, ով էլ հրաժարվեց, ասելով միայն, որ ինքը մեղավոր չէ:
Դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլին, սակայն դատախազը միջնորդեց վերսկսել գործի դատաքննությունը այն հիմքով, որ դատաքննության ընթացքում չեն հրապարավել գործում եղած որոշ ապացույցներ:
Պաշտպանը այս խոսքին առարկեց, ասելով, որ գործում չկա չհետազոտված որևէ փաստական հանգամանք և առաջարկեց մեղադրողին հրապարակել իր ճառը, սակայն դատավորը բավարարեց մեղադրողի միջնորդությունը:
Ի նշան դատավորի որոշման դեմ դժգոհության՝ Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները լքեցին դահլիճը:
Նախորդող հրապարակում՝ Դատարանը մերժեց Վ. Ավետիսյանի բողոքը. Ազատամարտիկները մտան դատարան